Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ողորմա՛ծ թագուհի, ես տեսած չեմ դրա գործողին և չեմ ճանաչում։ Ես մի վաճառական մարդ եմ, այս կտորը գնել եմ Հնդկաստանումը մի հրեայից, իսկ հրեան գնել էր մի արաբից, արաբն էլ՝ ո՞վ գիտե ումից կամ ո՛ր աշխարհից։

— Բայց դու, կարծեմ, ասացիր, թե՝ գործն ու նյութը այսքան կարժե, և չասացիր, թե՝ ես այսքանով եմ գնել. դրանից երևաց, որ դու ի՛նքդ ես գործել տվել։

— Ողորմա՛ծ թագուհի, ինձ այդպես էին ասել Հնդկաստանումը, ես էլ…

— Սպասի՛ր, որտե՞ղ է քո Հնդկաստանը. այստեղից մինչև Պերոժ կլինի՞։

— Ո՛չ, ողորմած տիրուհի, Պերոժը մեր կշտին է, իսկ Հնդկաստանը երեք-չորս ամսվա ճանապարհ է։

— Բայց գիտե՞ս, եթե ես ուզենամ՝ կարող եմ քո Հնդկաստանը մինչև Պերոժ մոտեցնել։ Կարո՞ղ ես ասել ինձ, թե՝ դու ո՞վ ես, ի՞նչ տեղացի ես, ի՞նչ ազգից ես, ի՞նչ կրոնի ես, որտե՞ղ ես ծնվել, որտե՞ղ ես կենում, այժմ ի՞նչ գործի ես ծառայում։

— Ողորմա՛ծ թագուհի…

— Լռի՛ր, ես քեզ ողորմելու չեմ. քո բերած թալիսմաններդ ինձ հայտնեցին քո ով լինելդ։ Ծառանե՛ր, բռնեցե՛ք այս մարդուն և ձգեցե՛ք մթին բանտի մեջ։

ԺԲ

Վաչագանն իր ազատվելու մասին էլ ո՛չ մի կասկած չուներ։ Կամենալով ընկերների մեջն էլ ազատության հույսը սաստկացնել՝ դարձավ դեպի Վաղինակը և ասաց.

— Եղբա՛յր Վաղինակ, մի երազ էլ ես տեսա բոլորովին քո տեսածի նման։ Ես այնպես եմ կարծում, թե՝ մենք հենց այսօր թե այս գիշեր պիտի ազատվինք։ Բայց գիտե՞ս ինչ կա, Վաղինա՛կ, մենք եթե այս խավարից հանկարծ լույս աշխարհ դուրս գանք՝ դրսի լույսը մեզ համար այնքան սաստիկ կլինի, որ մենք ոչինչ չենք տեսնիլ, և կարելի է թե՝ մեր աչքերը վնասվին էլ։ Այս բանը ես նրա համար եմ ասում, որ երբ դուրս գալու կլինինք և կտեսնեք, որ լույսը ծակծկում է կամ ոչինչ չեք տեսնում, փակեցե՛ք աչքներդ, մինչև քիչ-քիչ սովորեք։ Ես շատ եմ տեսել մթին բանտից դուրս եկած մարդիկ, նրանցից եմ իմանում։

— Երանի՜ թե դուրս գանք միայն այս սպանդարանից[1], թեկուզ աչքներս կուրանա, վնաս չունի. բայց, վարպե՛տ եղբայր, քո այդ ասածդ մի բան ձգեց միտս, որ չեմ կարող չասել։ Մի անգամ ես ու թագավորի որդին որսորդություն անելիս իջանք մի աղբյուրի մոտ՝ շատ դադրած ու քրտնած։ Մոտակա գյուղի աղջկերքը շրջապատել էին աղբյուրը և հերթով լցնում էին իրանց ամանները։ Իշխանս ջուր ուզեց, աղջիկներից մինը լցրեց փարչը, որ բերի տա իրան, մի ուրիշ աղջիկ առավ նրա ձեռից փարչը և դարտկեց։ Հետո ի՛նքն սկսեց նորից լցնել, բայց էլի դարտկեց, և այսպես կրկնեց նա քսան թե երեսուն անգամ, սուտ չեմ կարող ասել, լավ միտս չէ։ Իմ բարկությունս սաստիկ եկավ, բայց իշխանիս շատ հաճելի թվաց աղջկա վարմունքը, մանավանդ, երբ նա ջուր բերելուց հետո հայտնեց, թե՝ իր միտքը չար չէր, այլ, տեսնելով, որ հոգնած ու քրտնած ենք, հարկավոր համարեց ուշ հասցնել սառը ջուրը, մինչև մենք փոքր-ինչ շունչ առնենք և հովանանք։ Հիմա քո ասածն էլ նրա ասածի նման է. և գիտե՞ք արդյոք, գուցե հենց այն ջուր տվող աղջիկն է այժմ մեր թագուհին։ Վաչագանը նրան տեսնելուց հետո է՛լ ուրիշ աղջիկ չուզեց. վճռաբար ասաց. կուզեք՝ նա՛ է, չեք ուզիլ՝ նա՛ է։ Թագավորը, ճարահա-

  1. Սպանդարան - սպանդանոց, սպանության վայր
109