Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տած՝ ինձ ուղարկեց նրա հոր մոտ հարսնախոսության, բայց աղջիկը չհոժարեց, թե՝ ես արհեստ չգիտցողին չեմ ուզիլ։ Ես այն ժամանակ մտքումս ծիծաղեցի, բայց էլի իշխանս իմացավ նրա խելացի միտքը և մի տարումը սովորեց շատ գեղեցիկ դիպակ գործել՝ բոլորովին քո գործածիդ պես։ Իսկ ես, երբ որ ընկա այդ դժոխքի մեջ, նոր իմացա նրա խոսքի նշանակությունը։

— Բայց դու ինձ ա՛յս ասա, եղբա՛յր Վաղինակ, պատճառն ի՞նչ է, որ մենք թագուհուն ենք տեսնում երազներումս և ոչ թե թագավորին։

— Ո՞վ գիտե, այդ բանը դու ինձանից լավ կիմանաս, ըստ որում՝ երազի մեկնողը դու ես և, ների՛ր ինձ, որ երեսիդ ասեմ, ասածիս մեջ կեղծավորություն չկա. դու իմ աչքումս մի շատ իմաստուն մարդ ես երևում. դու որ կարողացար դժոխքի արբանյակներից մարդու կերակուր ստանալ. դու էլի շատ բան կարող ես անել, և ես դեռ զարմանում եմ, որ մի հրաշքով հանկարծ չես չքացնում այս տարտարոսը[1] և մեզ ամենիս փրկություն տալիս։ Եթե Աստված տա, որ մենք այս դժոխքից ազատվենք, ես հավատացած եմ, որ թագավորն իսկույն կկանչե քեզ և իր ամենամոտիկ խորհրդակիցը կանե։

— Եվ այդ, իհարկե, քո շնորհիվ կլինի, ըստ որում՝ թագավորին ես ծանոթ չեմ։ Բայց ով գիտե, թե ինքը թագավորն ի՛նչ վիճակի մեջ է այժմ, գուցե նա էլ մի ուրիշ դժոխքի մեջ է ընկել և ինձ նման զարբաբ[2] է գործում։ Բա էլ ո՛ր օրվան համար է ջուլհակ դառել։

— Քո խոսքերդ խորհրդավոր են թվում ինձ… բայց չէ՜… ինչպե՞ս կարելի է, որ իմ Վաչագանին քո օրն ընկած տեսնեմ, լավ է, որ ես մեռնիմ այս րոպեիս։

— Իմ խոսքերիս մեջ ոչինչ խորհրդավոր բան չկա, եղբա՛յր Վաղինակ, ես այն եմ ասում, ինչ որ սրտինս է։ Իմ կարծիքով՝ թագավորն էլ մեզ նման մի մահկանացու մարդ է, մեզ նման ամեն փորձությունների ենթակա։ Մենք հիվանդանում ենք, նա էլ է հիվանդանում. մեզ սպանում են, գերի են տանում, նրան էլ են այդպես անում։ Նա էլ է ջուրն ընկած ժամանակ մեզ պես խեղդվում, կրակն ընկած ժամանակ մեզ պես այրվում, նրա կերածն էլ է մի փոր հաց, այն էլ՝ գուցե ավելի դառն…

— Այդ շատ ճշմարիտ ես ասում, վարպե՛տ եղբայր, բայց իմ կարծիքով՝ թագավորն այնքան խոհեմ պետք է լինի, որ ինձ նման լոկ հետաքրքրությունից շարժված՝ քրմապետի հետևից չերթա և ընկնի նրա դժոխքի մեջ։

— Այդ մի՛ փորձանք է, եղբա՛յր Վաղինակ։ Մի՞թե թագավորը կարող է կարծել, որ սուրբ քրմապետը մի զարհուրելի դև է. մի՞թե նա կարող է կարծել, թե՝ կան այնպիսի մարդիկ, որոնք քստմնելի եղեռնագործությունը իրանց համար մի զվարճություն են համարում։ Չէ՛, Վաղինակ, աշխարհիս երեսին ոչ մի մահկանացու ազատ չէ փորձանքից. այս օրվան բախտավորը կարող չէ իմանալ, թե՝ վաղն ի՛նչ անբախտության մեջ պիտի ընկնի։ Բայց ուրիշ բան է, եթե վերահաս վտանգը առջևդ կանգնած երևում է իր իսկական կերպարանքով։ Խելքը գլխին մարդը երբ որ պատահում է մի վարար գետի՝ գլխապատառ ներս չի ընկնում, այլ փնտրում է նրա ծանծաղուտը։ Դու ինչ կուզես ասա՛, բայց մեր տեսած երազը ցույց է տալիս, որ թագավորը նմանապես ընկած է մի փորձանքի մեջ, և իմ սիրտն ասում է, որ նա կազատվի միայն այն ժամանակ, երբ որ կազատվինք մենք ինքներս։

— Եվ, իհարկե, նա ի՛նքը կլինի ազատած մեզ իր դիպակագործության շնորհիվ։ Իմ սիրտս էլ ասում է, որ այս րոպեիս ես լսում եմ իմ թագավորի ձայնը. այդ ձայնը հենց

  1. Տարտարոս - հունական դիցաբանության մեջ՝ դժոխք
  2. Զարբաբ - դիպակ
110