Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ զորքը մոտեցել է։ Այդ հանգամանքից ավելի ևս սրտապնդվելով՝ ուզեց ինքը մենակ վերջացնել ամեն բան և մի րոպե առաջ տեսնել իր Վաչագանին։ Ձախ ձեռքն առավ վահանը և, աջով սուրը հանելով, դարձավ դեպի քուրմերը և գոչեց.

— Վերջի՛ն անգամ հրամայում եմ ձեզ՝ զինաթա՛փ լինել և բանա՛լ այդ դժոխքի դուռը։

Քուրմերը պատրաստվեցին դիմադրելու։ Անահիտի իմաստուն ձին իմացավ տիրուհու մտադրությունը, մի թեթև ասպանդակի հարված ստանալուն պես կոխկռտեց քավթառ քրմապետին և հարձակվեց քուրմերի վրա։ Կայծակի արագությամբ երեքի գլուխը թռցրեց Անահիտը և իսկույն ետ մղեց ձին։ Քուրմերը նրան շրջապատեցին և վիրավորեցին ձին։ Անահիտը պաշտպանողական դիրք բռնեց, բայց ձին իր հարձակմունքը շարունակում էր. նա միանգամից թե՛ առջևից և թե՛ հետևից էր հարձակվում և հարվածներ էր, որ տալիս էր աքացիներով։ Քուրմերը կռվում էին ամենահուսահատ և կատաղի կերպով։ Անահիտի կյանքը անխուսափելի վտանգի մեջ էր։ Այդ որ նկատեցին քրիստոնյաները՝ քուրմերի քամակից հարձակվեցին։ Քուրմերը շփոթվեցին և երեսները դարձրին, որ պաշտպանվին։ Անահիտը, օգուտ քաղելով այդ հանգամանքից, կրկին հարձակվեց և էլի մի քանի գլուխ թռցրեց և մի քանիսին ոտնատակ տվավ։ Կռապաշտները տեսան, որ քրիստոնյաներն օգնում են Անահիտին, կարծեցին, թե՝ կռիվը կրոնական է, իսկույն անցան քուրմերի կողմը և սկսեցին քարե կարկուտ թափել քրիստոնյաների վրա։ Այդ միջոցին Անահիտի սաղավարտը վայր ընկավ մի քարի հարվածից, որ դիպավ նրա

8. Ղ.Աղայան