Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դո՛ւ ես ուրեմն, որ այնքան անհոգ ես, որ չգիտես, թե՝ ի՛նչ է գործվում քո աստվածների բնակարանում։

— Ծառադ եմ, ես ոչի՛նչ չգիտեմ։

— Դու կարելի է թե չգիտես էլ, թե՝ որտե՛ղ է գտնվում ձեր տաճարը։

— Ինչպե՞ս չգիտեմ, ծառադ եմ, շա՛տ լավ գիտեմ։

— Առա՛ջ անցիր, ուրեմն…

Կես ժամ չանցած՝ ամբողջ քաղաքը գջլված գնում էր Անահիտի հետևից։ Երբ որ մոտեցավ մեհյանի պարիսպներին՝ քուրմերը կարծեցին, թե՝ ուխտավորների մեծ բազմություն է եկողը, շտապով բաց արին դուռը։ Բայց երբ ներս խռնվեց ժողովուրդը, երբ տեսան զրահավորված հրաշագեղ ասպետի սպառնալից դեմքը և իրանց ուշ չդարձնելը, մի անսովոր սարսափի մեջ ընկան։ Անահիտը մի րոպեի մեջ գտավ տարտարոսի դուռը և, դառնալով քաղաքապետին՝ հրամայեց.

— Բաց արեք ահա՛ այս դուռը։

Մինչդեռ քաղաքապետի հրամանով մի քանի անձինք պատրաստվում էին կոտրատել դուռը, ծերունի քրմապետը, վերահաս վտանգը տեսնելով, դուրս եկավ իր մեհենական զգեստով, որ ժողովրդի վրա սարսափ ձգե և ետ մղե։ Երբ որ իր սպիտակ շուրջառը ձգած, քրմապետական երկճյուղ ու երկայն թագը գլխին դրած և գավազանը ձեռին դուրս եկավ ուռած ու փքված՝ ժողովուրդը ճանապարհ բաց արավ և ետ քաշվեց ահ ու դողով։ Նա մոտեցավ Անահիտին և պատգամախոսի ձայնով աղաղակեց.

— Ի՞նչ ես ուզո՜ւմ, ի՞նչ ես անո՜ւմ, ե՜տ քաշվիր այդտեղի՜ց։

Անահիտը, բարկությունը հազիվ զսպելով, ասաց.

— Ես հրամայում եմ, որ այս դուռը բացվի՛։

— Ո՜վ է կարող հրամայել այստե՜ղ, բացի ինձանի՜ց։ Այս դո՜ւռը մեր սրբարանի դո՜ւռն է. այստե՜ղ է գտնվում մեր նախնյաց փոշի՜ն, այստեղ է մեր անշեջ կրակարա՜նը. տեսե՜ք ահա՜ այն ծո՜ւխը, որ մինչև երկի՜նք է բարձրանո՜ւմ։ Աստվածների բարկությունը մի՜ շարժեք։ Ցրվեցե՜ք, հեռացե՜ք, կորե՜ք, ինչպե՜ս եք համարձակվում ձեր պի՜ղծ ոտներով կոխոտե՜լ այս սո՜ւրբ վա՜յրը։

Քրմապետի ահեղագոչ սպառնալիքը սնապաշտ ժողովրդի վրա սարսափ բերավ. ամենքը կորագլուխ ետ քաշվեցին, բայց նրանց մեջ կային և քրիստոնյաներ, որոնք պինդ կանգնեցին իրանց տեղերը՝ կասկածելով, որ այդ ծածկարանումը մի սարսափելի գաղտնիք պիտի լինի թաքնված։ Նրանք միաբերան գոչեցին.

— Բացվի՜, բացվի՜ այդ տարտարոսի դուռը։

Քրմապետը տեսավ, որ իր հրամանին ընդդիմացողներ կան, երեսը դարձրեց դեպի մեհյանը և, ձեռքերը մեկնելով՝ աղաղակեց.

— Ո՜վ հզոր աստվածնե՜ր, ձեր սուրբ տաճարը պղծվո՜ւմ է, օգնությո՜ւն հասցրեք…

Այս ձայնի վրա մեհյանի դուռը բացվեց, և նրա միջից դուրս թափվեցին մի խումբ սպառազինված դաժանատեսիլ մարդիկ։ Սրանք քուրմերն էին, որոնք վերահաս վտանգը տեսնելով՝ անձնապաշտպանության էին պատրաստվել։ Քրմապետը հրամայեց նրանց, որ դուռը պահպանեն և ոչ ոքի թույլ չտան մոտենալ։

Անահիտի համբերությունը հատավ սաստիկ բարկությունիցը։ Դարձրեց ձիու գլուխը և, ետ նայելով՝ տեսավ, որ քաղաքի վրա ամպի պես փոշի է բարձրացած, իմացավ,

112