Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


«Սա իսկ և իսկ այն պատկերն է, որին քանի անգամ տեսել եմ ես երազումս»,— ասում էր Նունուֆարն ինքն իրան…

Մյուս առավոտը որսական փողերը հնչեցին։

Հազարից ավելի ձիավոր դուրս եկան, բոլորն էլ զինավորված լայնակամար նետաղեղներով, երկայնակոթ նիզակներով և այլ զենքերով։ Իրանց հետ ունեին բազմաթիվ գամփռներ, բարակներ[1], բազեներ… Մի խոսքով՝ որսի ամեն պատրաստությունով։

Անցան գնացին, հասան մի լայնատարած դաշտ, չորս կողմից ահագին անտառներով շրջապատված։ Որսական շներով անտառներից դուրս փախցրին բոլոր էրեներին[2] դեպի դաշտ, շղթայաձև շրջապատեցին ամբողջ դաշտը և, բոլոր որսերին կալմեջ արած, սկսեցին անխնա կոտորել։

Արեգնազանը թագավորի մոտից չէր հեռանում և նրանից էլ քիչ չէր կոտորում։ Որսասպանության այս թունդ միջոցին թագավորը մի եղջերվի հետևից ձին չափ գցելիս, ինչպես պատահեց, վայր ընկավ ձիուցը, թեև անվնաս, միայն ձին խրտնեց, փախավ, թագավորը մնաց հետիոտն և իսկույն ընկավ մի արջի առաջ։ Արջը հետևի ոտների վրա կանգնեց, բերանը բաց արավ և հենց որ ուզում էր թագավորին իր գիրկն առնել, ջարդել՝ Արեգնազանը մի ակնթարթի մեջ նետի պես սլացավ իր ձիով և թրի մի հարվածով կես արավ արջի գլուխը և վայր գլորեց ամեհի գազանին։ Թագավորն ազատվեցավ, և Արեգը դարձավ նույն օրվա հերոսը։

— Ա՜յ քեզ բախտ… ինչո՞ւ ե՛ս չէի մոտիկ թագավորին…— ասում էին որսորդներից շատերը…

Թագավորին սույն օրվա պատահած դեպքի լուրը շուտով քաղաք հասավ, և պատանի որսորդի արած քաջության համբավը մի րոպեում տարածվեց ամբողջ քաղաքի մեջ։

Տեսնելու բան էր, թե ինչպիսի՛ աղաղակ էին բարձրացնում քաղաքացիք որսորդների վերադարձին։

— Կեցցե՜ թագավորը, կեցցե՜ քաջ Արեգը,— գոռում էին միաբերան և երգում.

Ո՞վ է ազատել մեր թագավորին
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից…
Մեր քաջ Արեգը, սիրուն պատանին.
Նա՛ է ազատել արջի ճանկերից,
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից…

     Երկայն նիզակը բերանն է կոխել,
     Գլուխը թրով մեջտեղից կիսել,
     Ամեհի գազանին գետին կործանել,
     Մեր թագավորին անվնաս պահել
     Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից։

Արեգն է սիրուն արեգակի պես,
Նոր է դուրս եկել որսական հանդես,
Արջի գլուխը արավ երկու կես,
Մեր թագավորին ազատեց այսպես
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից…

     Արեգն է դյուցազն, քաջ ու անվեհեր,
     Կեցցե՜ հավիտյան, կեցցե՜ շատ օրեր.

  1. Բարակ - որսաշուն
  2. էրե - երե, եղնիկ, այծյամ
126