|
Արեգնազանը, այս ցույցերը տեսնելով, ասում էր ինքն իրան.
— Ա՜խ, ի՜նչ լավ բան է տղա լինելը. երանի՛ ես ճշմարիտ տղա լինեի։ Աղջիկը որտեղի՞ց կարող էր այս պատվին արժանանալ…
— Դու այսօր ցույց տվիր ինձ քո շնորհքդ, Արե՛գ,— ասաց թագավորը,— այսուհետև դու ինձնից անբաժան կմնաս։ Ապրի՛ս, տղա՛ս, ապրի՛ս։ Դու մի հազվագյուտ էակ ես. գեղեցկության և ջահելության հետ շատ հաշտ չէ քաջությունը, բայց Երկինքն ուզեցել է քեզ մի բացառություն համարել։ Վաղը դու մեր ձիաներից կընտրես քեզ համար ամենալավը, իմ զենք ու զրահներից՝ ամենից ընտիրները։ Դու ժամանակով դյուցազանց կարգը կընկնիս, և հենց այժմ էլ մի փոքրիկ դյուցազն ես…
Թագավորը շատ ուրախ էր, որ մի փոքրիկ դյուցազն է գտել, բայց Նունուֆարի ուրախությունը սահմանից անց էր կացել։
— Սրան Երկինքն է ուղարկել ինձ համար,— ասում էր Նունուֆարը ինքն իրան,— բանն այնպես է գնում, ինչպես որ պետք էր ցանկանալ։ Բայց ես ե՞րբ պիտի տեսնեմ նրան երես առ երես, կամ նա ինձ ե՞րբ պիտի տեսնի։ Ա՜խ, ինչքա՜ն ցանկանում եմ, որ հենց ա՛յս րոպեիս նա իմ մոտս լինի, մենք միասին կխոսինք, ես նրան կասեմ… նա ինձ կասե… Եվ ինչո՞ւ չկանչել, ինչո՞ւ չխոսել։ Հայրս նրան որդու պես է սիրում, որովհետև իր բարեկամի որդին է. նա ազատ ել ու մուտ ունի բոլոր պալատում։ Այո՛, այո՛, պետք է կանչել։ Է՜յ, ո՜վ կաք այդտեղ,— կանչեց Նունուֆարը, և ներս մտավ մի աղախին։
— Այս րոպեիս կերթաս Արեգի մոտ և կասես, որ գա ինձ մոտ. ասա՝ «Ե՛կ, ինձ տես»…
Աղախինը գնաց և կանչեց Արեգին։
— Չեմ կարող գալ,— պատասխանեց Արեգը։
— Ինչո՞ւ չեք կարող, պարո՛ն. նա հրամայել է,— պնդեց աղախինը։
— Ես նրա մոտ գործ չունիմ, հասկանո՞ւմ ես…
— Պարո՛ն, նա ասում է. «Ե՛կ, ինձ տես»… հասկանո՞ւմ ես…
— Գնա՛ ասա. «Ո՛չ կգամ և ո՛չ կտեսնեմ քեզ»…
Աղախինը գնաց։
Նունուֆարը, Արեգի մերժումը լսելով՝ այնպես սառավ ու տաքացավ, այնպես կարմրեց ու սփրթնեց փոփոխակի, որ աղախինը, այդ տեսնելով՝ սարսափի մեջ ընկավ։
Նունուֆարի սիրտն ուզում էր տրաքիլ, գլխի սկավառակն ուզում էր բարձրանալ։ Նա անդադար այս ու այն կողմն էր ընկնում, մե՛րթ դուռն էր բաց անում, մե՛րթ պատուհանը. նրա սենյակը դարձավ մի հնոց և նրան այրում, խորովում էր։
— Մերժո՜ւմ… արհամարհա՜նք… ի՜նձ, ի՜նձ, ո՜հ, գլուխս, գլուխս տրաքում է, տրաքում…
Աղախինը, տեսնելով իր տիրուհու անսահման սրտնեղությունը, վստահացավ ասել.
— Տիրուհի՛, ես զարմանում եմ, որ դու մի այդպիսի դատարկ բանի համար սիրտդ շուռ ես բերում։ Նա գուցե սաստիկ ամաչում է, և դրա համար է, որ չեկավ։ Երբ որ լսեց, որ դու կանչում ես իրան, ամոթից կարմրեց, վարդ կտրեց և ինչքա՜ն գեղեցիկ էր…
— Ասա՛, ասա՛, խոսիր, շարունակիր… ես չլսեցի քո բոլոր ասածները… Ո՜հ, որքա՜ն ստոր եմ ես հիմա նրա աչքումը, որքա՜ն ստոր… Բայց նա սխալվում է, այնպես չէ՞. նա սխալվում է…