— Ես հարցրի այդ մասին թագուհուն, և նա ասաց, որ միայն Արե՛գը կարող է բերել…
— Արեգը… լա՛վ, ես կուղարկեմ Արեգին, թող երթա իր բախտը փորձե…
Թագավորը կանչեց Արեգին և առաջարկեց նրան գնալ անմահական ջրի։
— Գնա՜, տղա՛ս, եթե կարողանաս այդ ջրից բերել և իմ աղջկանս առողջացնել՝ ես նրան քեզ կտամ և նրա հետ իմ թագավորությունը։
— Այդ խոստումն էլ որ չլինի, տե՛ր արքա, ես պատրաստ եմ հնազանդիլ քո հրամանին,— ասաց Արեգը,— դու ինձ ասա միայն՝ որտե՞ղ է գտնվում այդ անմահական ջուրը։
— Նրա տեղն ո՞վ կիմանա, որդի՛։ Նա մի առանձին պարգև է, մի առանձին ողորմություն և շնորհք, որ բարի ոգիները միայն իրանց ընտրածին են տալիս։ Թեպետ լսած ենք, թե՝ նա մի աղբյուր է, թե՝ նրա վրա հսկում են աներևույթ ոգիները, որ նա երբեմն բխում և երբեմն անհայտանում է, բայց այդ ո՞վ գիտե։ Դու երեսդ կդարձնես դեպի արևելք, կընկնես երկրե երկիր, աշխարհքե աշխարհք, ամեն տեղ հարցուփորձ կանես, կա՛մ կգտնես, կա՛մ չես գտնիլ. այդ քո ճակատագրից, քո բախտիցն է կախված. բայց ինչ էլ որ լինի՝ հաջողություն թե անհաջողություն, դու շատ բան կտեսնես և շատ բան կսովորես։ Իմ գանձարանը բաց է քեզ համար. որքան կարող ես՝ հետդ ոսկի և ակնեղեն վերցրու. շատ տեղ հարկավոր կգա…
Արեգնազանը գնաց։
Զարմանալի մի էակ էր Արեգնազանը. միշտ աշխույժ ու զվարթ, միշտ անահ ու անհոգ. նեղության մեջ ընկած ժամանակ ևս իր ուրախ տրամադրությունը չէր փոխում։ Նա գնաց իր Բազիկ ձիով, որ երեք-չորս օրվան ճանապարհը մեկ օրումն էր անցնում։ Նա պտտեց մի քանի թագավորություն, շատ տեղ հարցուփորձ արավ, շատ բան տեսավ, շատ նեղություններից ազատվեցավ, մինչև հասավ կախարդական աշխարհը, ուր ամեն մի քայլափոխում մի նոր հրաշք էր տեսնում, մի նոր զարմանալիք։
Մեկ օր սաստիկ արև էր։ Շոգը որ շատ նեղեց Բազիկին՝ Արեգնազանը իջավ մի լճի մոտ, Բազիկին քաշեց կապեց մի խիտ ստվերի մեջ, ինքն էլ մոտը նստեց, հանեց իր ճամփի պաշարը և սկսեց ճաշել։ Հենց այդ միջոցին մեկ էլ տեսավ, որ ահա՛ մի խումբ աղավնիներ թռած եկան և իջան լճի ափին՝ իրանից շատ մոտիկ։ Նետաղեղը լարեց, որ մի որս անե, մեկ էլ տեսավ, որ բոլոր աղավնիները հանեցին փետուրները և, աղջկերք դառնալով, թափվեցան ջուրը լողանալու։
Արեգնազանը մնաց ապշած մի րոպե. հետո մտածեց նրանց հետ մի խաղ խաղալ և տեսնել՝ ի՞նչ կլինի հետևանքը։ Կուզեկուզ մոտեցավ ափին՝ այնպես, որ իրան չտեսան, վերցրեց նրանցից մեկի փետուրները։ Երկու մեծ թև էր աղավնու, մնացած փետուրներն էլ վրան։
Չանցավ մի քանի րոպե, բոլոր աղջկերքը դուրս եկան, հագան իրանց թևերն ու թռան, բայց մեկը, որ իր թևերը չգտավ, ամաչեց մերկ կանգնել ջրի ափին, իսկույն իրան գցեց ջուրը։ Արեգնազանը, այդ նկատելով, թևերը ձեռին մոտեցավ աղջկանը։ Աղջիկը, ջրումն ընկղմված, միայն գլուխը դուրս հանած, մոտեցավ Արեգնազանին և սկսեց երգել.