Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լոք մարդ էր կարծվում, երկրորդ մեկը թող լինի մեկ հիմար կարծվող ծաղրածու։ Այս հանգամանքը խոմ մեր հաշվին չի՞ դիպչիլ. տիկինը, որ հիմա մեկով պակաս է՝ առաջվա պես կդառնա երկու…

— Դու իմ հոգսը մի՛ քաշիր, հիմա՛ր,— ասաց տիկինը.— դեղ գիտես՝ քո տիրուհուդ համար արա. թող ես մեկ մնամ…

— Տիկի՛ն, իմ տիրուհին մեկ է, սրան ուրիշ մեկ չի պակսիլ, բայց ուզում է երկու դառնա։ Ես հիմա մտածում եմ, որ սրա համար մի այնպիսի «մեկ» գտնեմ, որ եթե սրա վրա ավելացնենք՝ դառնա էլի մեր առաջվան Նունուֆարը։

Ծաղրածուն մատը ճակատին դրավ և մի փոքր մտածելուց հետո բացականչեց.— Գտա՜, գտա՜…— Եվ սկսեց երգել.

Մե՛կ — րե՛գ, մեր Արեգ,
Չո՛րս — մո՛րս, գնաց որս.
Վե՛ց — նե՛ց, ըսպանեց
Մի արջիկ, մի աղջիկ…

Ես հաշվեցի և գտա
Մեր պալատում մի տղա,
Նրան տեսնող աղջիկը
Խելքը հացով կուլ կըտա։

Ես հիմար եմ, միշտ հիմար,
Ինձ ո՞վ կասի, թե՝ գտար
Իմ սիրելի տիրուհու
Ցավի համար դեղ ու ճար։
Յարալլալի, շարալլալի,
Հայդե՛, հիմա՛ր, դո՛ւրս արի…


Երգեց հիմարը և, մի քանի ոստյուններ անելով, դուրս փախավ…

Վեզիրի կինը «մատը կծեց» և ընկավ մտատանջության մեջ։ «Ես հիմա հասկացա ամեն բան,— ասաց իր մտքումը։— Հիմարն իմ հաշիվը տակնուվրա արավ։ Շա՜տ լավ. քո Արեգին մի այնպիսի տեղ ուղարկեմ, որ գնալն ըլի, գալը չըլի»…

— Մեր հիմարն այնքան հիմար չէ, ինչքան կարծվում է,— ասաց տիկինը Նունուֆարին։

— Այո՛, բայց այս անգամ շատ հիմարացավ,— պատասխանեց Նունուֆարը։

Մյուս առավոտը ամենից կանուխ վեզիրի կինը գնաց թագավորի մոտ։

— Ի՞նչ կա, ինչպե՞ս է աղջկանս առողջությունը,— հարցրեց թագավորը։

— Էլի այնպես է, տե՛ր թագավոր, ինչպես տեսել ես. բայց ես եկել եմ քեզ մի ուրախառիթ լուր հաղորդելու։

— Ի՞նչ լուր, ասա՛ շուտով, գուցե իմ աղջկանն է վերաբերում. ուրիշ ո՛չ մի լուր ինձ չի կարող ուրախացնել։

— Այո՛, այո՛։ Այս գիշեր երազումս երևաց մեր թագուհին և ասաց ինձ, որ Նունուֆարի միակ դեղը «անմահական ջուրն է»։

— Ան-մա-հա-կան ջո՜ւր…— բացականչեց թագավորը,— բայց ո՞վ կարող է բերել այդ անմահական ջուրը, որի միայն անունն ենք լսած, իսկ իրան չենք տեսած։

129

9. Ղ.Աղայան