— Սպասի՛ր, սպասի՛ր, խնամի՛ թագավոր,— մեջ ընկավ ծաղրածուն։— Աչքդ լո՛ւյս, փեսադ եկել է, բայց ուրախությունից ինքն իրան կորցրել է, հիմա ման է գալիս՝ չի գտնում։ Արե՛գ եղբայր, ե՛կ՝ ես ու դու մի պայման անենք. ես դառնամ «դու», իսկ դու դառ «ես». այնուհետև Նունուֆարը կդառնա «իմ», իսկ հիմարը՝ «քեզ». համաձա՜յն ես…— ասաց ծաղրածուն և սկսեց երգել.
|
Մինչդեռ ծաղրածուն այսպես երգով ու պարով զվարճացնում էր հանդիսականներին, ներս մտավ Արմանը։
Արեգն իր հորը տեսնելուն պես վազեց գիրկն ընկավ և մի քանի ուրախության բացականչությունից հետո փսփսաց ականջումը.
— Գիտե՞ս, հայրի՛կ, ես հիմա տղա՜ եմ, տղա՜, իսկ և իսկ տղա, ճշմարիտ տղա. կարո՞ղ ես երևակայել…
— Իհա՛րկե, տղա ես, հոգի՛ս, հապա ի՞նչ պետք է լինեիր…
— Բայց չէ՞ որ, հայրի՛կ, բայց չէ՞ որ… ախը՜ր…
— Դու առաջ էլ էիր տղա, հոգի՛ս, բայց այդ չգիտեիր դու, նոր ես սկսել ճանաչել քեզ. առաջ անմեղ էիր ինչպես հրեղեն, հիմա մարդ ես դառել հողեղեն, բայց այդ վնաս չունի, հոգի՛ս…
— Օ՜… եթե այդպես է, ուրեմն ես՝ ե՛ս եմ եղել. վազեմ Նունուֆարին ասեմ…
Արմանը մոտեցավ թագավորին և սկսեց շշնջալ նրա ականջին բանի էությունը, իսկ Արեգը վազեց Նունուֆարի մոտ։
Երբ որ Արեգը նորից մոտեցավ Նունուֆարին՝ ավելի ուրախ ու զվարթ դեմքով, Նունուֆարը բռնեց Արեգի ձեռքից մի այնպիսի քնքուշ ժպիտով, որ Արեգը քիչ մնաց նորից թռցներ խելքը։
— Դու մեր Արեգն ես, այնպես չէ՞,— ասաց Նունուֆարը։
— Իհարկե, հոգի՛ս, հապա ո՞վ պետք է լինիմ,— պատասխանեց Արեգը։
— Ուրեմն, մենք է՛լ չենք բաժանվիլ միմյանցից։ Եթե գիտենաս ինչքա՜ն մաշվել եմ քո կարոտով… Հիմա եկել ես և հանկարծ ասում ես՝ «Ես՝ ես չեմ». հապա ո՞վ ես, որ դու չես։
— Ո՛չ, ո՛չ, հիմա ես՝ ե՛ս եմ. հիմարն ինձանից խելոք է… Արի՛ չոքենք թագավորի առջև, և նա օրհնե մեզ… Բայց, սպասի՛ր, հայրիկիս չհարցրի, թե՝ ո՞ւր են իմ քույրերը։
— Նրանք այստեղ են։ Քո գնալուց հետո ես ձերոնց բերել տվի, որ քո կարոտը նրանցից առնեմ։ Ես արդեն ուղարկեցի իմաց տալու, հիմա կգան ուր որ է…
— Ինչքա՜ն բախտավոր եմ ես, ուրեմն, որ այդքան բարի ես եղել դու… Ուրեմն, դեռ չշտապենք. գնանք մեր հագուստը փոխենք. հիմա՛ միտս ընկավ։ Անդաս թագավորից ես