քեզ համար էլ, ինձ համար էլ հարսանեկան հագուստ եմ բերել։ Նա ընծայեց այդ հագուստները և խնդրեց, որ անպատճառ այդ ունենանք հագներիս մեր հարսանիքին, որին, իր ասելով, ինքը հոգվով ներկա կլինի։ Ես չէի ընդունում, որովհետև այս րոպեի քաղցրությունն այն ժամանակ երևակայել չէի կարող։ Շատ բաներ եմ տեսել, հետո կպատմեմ քեզ։ Չեմ տեսել միայն քեզ պես մի չքնաղ էակ… Ինչքա՜ն գեղեցիկ ես դու, Նունի՜կ…
Այսպես խոսելով, ձեռք ձեռքի տված՝ դուրս եկան Արեգն ու Նունուֆարը, բայց երկար սպասեցնել չտվին։
Մի քանի րոպեից հետո տեսարանը՝ մի կախարդական ասեմ, թե երկնային, կերպարանք ստացավ։
Պալատի ընդարձակ դահլիճը լցվեցան թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք՝ շքեղ հագուստներով զարդարված։ Այստեղ էին և Արեգի քույրերը։
Երբ որ Արեգն ու Նունուֆարը ներս մտան Անդասի ընծայած հագուստովը զարդարված՝ անթիվ անգին քարերի ճառագայթները, ծիրանի ծովից ծագող արեգակի պես, գույնզգույն լուսով լուսավորեցին ամբողջ դահլիճը։ Չոքեցին թագավորի առջև, որ օրհնե իրանց։
Թագավորը մի քանի րոպե չկարաց խոսիլ, հազիվ էր կարողանում բռնել ուրախության արտասուքը։ Վերջապես սկսեց օրհնել մեր նորապսակներին՝ ասելով.
|