Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


րանքը, տեսար, որ տղա ես, այսուամենայնիվ, դա քեզ համար մի խաղ էր, որ ես խաղացի, ինչպես որ դու, իմ թևերս վերցնելով, ուզեցար մի խաղ խաղալ։ Միայն այս երեկոյին զգացիր, որ դու տղամարդ ես։ Դու մեղադրում էիր ինձ, մենք թաքուն նայում էինք քեզ վրա և ծիծաղում…

Ցողիկի այս ակնարկությունից ամոթի զգացմունքը առաջին անգամ զգաց Արեգը, բայց այնքան սաստիկ էր, որ նա կարմրեց վարդի պես և ուզեց խոսակցության առարկան ուրիշ բանի վրա դարձնել. հանկարծ մյուս կողմից մի այնպիսի ծիծաղ բարձրացավ, որ ամենքն էլ այն կողմը դարձրին իրանց ուշադրությունը։

Զանազանը և Զարմանազանը պարապում էին՝ մեկը վեզիրի տղայի հետ, մյուսը՝ սպարապետի։ Ծաղիկը լսել էր նրանց փսփսոցը, նկատել էր, որ նրանք վաղուց աչքադրել են միմյանց, և այժմ էլ պսակվելու ցանկություն ունին, բայց ամաչում են ասելու։

— Նոր սե՜ր, նոր ուրախությո՜ւն,— գոչեց Ծաղիկը մի բարձրաձայն ծիծաղով և նորահարսներին քարշ տալով՝ տարավ թագավորի մոտ և ասաց.

— Մի պսակով ի՞նչ պետք է լինի, երեքը միասին կատարեցե՛ք։

Թագավորն ու Արմանը նրանց էլ օրհնեցին, և սկսվեց պսակների հանդեսը։ Ցողիկը դարձավ իբր պսակադիր Նունուֆարի, Ծաղիկը՝ Զանազանի, իսկ Աղբյուրիկը՝ Զարմանազանի։ Պսակի օրհնությունը կատարեց թագավորը Ծիածանի կամարի տակ, որ այդ փառավոր հանդեսին ավելի ևս շքեղություն էր տալիս։ Թագավորն իր թագն էլ դրավ Արեգի գլխին, որով պսակեց նրան և՛ թագավոր միանգամայն։

Դրանից հետո հրեղեն օրիորդները շնորհավորեցին նորապսակներին և պատրաստվեցան երթալու։ Հազար տեսակ քաղցրեղեններ և մեղրաջրեր մոտ բերին, բայց հրեղենք նրանց համը չառան։ Նրանք ուրիշ խմելիքներ ունեին իրանց հետ բերած, նրանից խմեցին և խմեցրին նաև նորապսակներին, որոնք ակամա խմեցին, առանց նրա համն զգալու, բացի Արեգից, որին միայն էր տրված նրա երկնային ճաշակն առնելու շնորհքը։ Վերջը մի շրջան կազմեցին երկրայինք, և մինչդեռ հրեղենք վերանում էին ծիածանի սանդուղքով, ասելով՝ մնացեք բարյա՜վ, բարյա՜վ… հողեղենք էլ նրանց բարի ճանապարհ էին մաղթում, երգելով.

Գնացե՛ք բարյավ, սիրո՛ւն աղջիկներ,
Դուք մեր Դաշտերի Անմահ Ոգիներ…
Այս ի՜նչ շնորհք էր, ինչքա՜ն մեծ բարիք,
Որ դուք մարմնացած մեզ երևացիք…
Ա՜խ, երանի՜ թե՝ միշտ մեզ մոտ մնաք,
Որ ձեր տեսության կարոտը չզգանք…
Գնացեք բարյա՜վ, բարյա՜վ, բարյա՜վ…


* * *

Հրեղեն աղջկերքը վերացան թե չէ՝ մեջտեղ եկավ ծաղրածուն, և սկսվեցավ մի նոր զվարճություն։

— Խնամի՛ թագավոր, շե՛ն կենա քո հոր օջախը… կերանք, խմեցինք, լիացանք…— ասաց ծաղրածուն և սկսեց երգել.

153