Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Ա՜խ, թագավոր, թագավոր,
Ինչո՞վ ասեմ շնորհավոր…
Ո՛չ հաց ունիս, ո՛չ գինի,
Այսպես հարսնիք կըլինի՞…
Յարալլալի, շարալլալի,
Այսպես հարսնիք կըլինի՜…


— Իրա՜վ, մի՞թե հաց չպիտի ուտենք,— ասաց թագավորը։— Մենք ամենքս էլ ամեն բան մոռացել ենք, որովհետև խելքներս կորցրել ենք, բացի հիմարից, որ խելք չի ունեցել կորցնելու…

— Դու սխալվում ես, թագավո՛ր,— պատասխանեց հիմարը,— ես տեսա, որ դուք ամենքդ էլ իմ հացը կտրել եք, գնացի մի ճոխ սեղան պատրաստել տվի, որ քաղցած չմնամ։— Այս ասելով՝ ծաղրածուն վազեց բաց արավ սեղանատան դռները, ուր, հիրավի՛, ճոխ ընթրիք կար պատրաստված։ Հյուրերն սկսեցին թագավորի հետևից ջուխտ-ջուխտ մտնել սեղանատուն։ Ծաղրածուն՝ տեսնելով, որ ինքը մենակ պիտի մնա, վազեց մեզ ծանոթ վեզիրի կնոջ մոտ և, գլուխը վեր բերելով՝ երգեց.

Ով խելք ունի՝ սեր չունի,
Ով սեր ունի՝ տեր չունի.
Խեղճն ամենից հիմարն է,
Որ ոչ մի ընկեր չունի։
Արի՛, տիկին, ես ու դու
Շիտակ խոսք տանք մեկմեկու,
Թե՝ «դու իմն ես, ես՝ քոնը».
Համաձա՞յն ես, ձե՛ռքըդ տու…


Ասաց ծաղրածուն և, տիկնոջ ձեռքից բռնելով, մյուսների հետ մտավ սեղանատուն…

* * *

Մյուս առավոտուն սկսվեցավ հարսանիքի տոնախմբությունը քաղաքացոց ու գյուղացոց համար և տևեց մինչև քառասուն օր և քառասուն գիշեր։ Ամեն մեկ օրը մի րոպեի պես էր անցնում. այնքա՜ն զվարճալի էին։ Ի՜նչ խաղեր, ի՜նչ պարեր, ի՜նչ ծաղրածություններ, մրցություններ և հազար ու մի տեսակ օյիններ…

Կեր ու խումին բնավ հաշիվ չկար։ Տասը հազար միայն եզ ու կով մորթեցին, քսան հազար ոչխար, թո՛ղ վայրի կենդանիները՝ եղջերուները, եղնիկները, վարազները, թո՛ղ և թռչունները՝ թե՛ տանու և թե՛ վայրենի։ Քառասուն հազար սոմար[1] միայն բրինձ գնաց փլավի համար, ինչքա՜ն եղ կերթար նրան, ինչքա՜ն չամիչ… հիսուն հազար կարաս միայն գինի խմվեցավ՝ չհաշված մյուս քաղցրահամ և դառնահյութ խմիչքները…

Քառասուն օրից հետո Արեգը մի թեթև ճանապարհորդություն արավ Նունուֆարի հետ Վանա ծովի վրա։ Երբ որ ծովի ամենախոր տեղն էին հասել, Արեգը հանեց չար պառավի կախարդական գավազանները, որոնք անհայտ մետաղից էին, դժոխքի կրակով մխված[2], և ասաց.

  1. Սոմար - հատիկաբույսերի կշռի չափի միավոր (մոտավորապես երեք ցենտներ)
  2. Մխել - կոփել, ջրդեղել
154