Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Բելլերոֆոնն ավելի երեխային հավատաց, որ թևավոր Պեգասի պատկերը տեսել էր աղբյուրի մեջ անդրադարձած, մեկ էլ՝ մատաղահաս աղջկանը, որ լսել էր Պեգասի քաղցր ձայնով վրնջալը, ու մեկ էլ՝ ծերունուն, բայց ոչ գյուղացուն, որ միայն լծկան ու բեռնակիր ձիաների գոյությանն էր հավատում, և ոչ թևավոր։

2

Բելլերոֆոնը մի քանի օր շարունակ թափառեց Պիրենայի աղբյուրի մոտերքում և թևավոր ձիու հետքը պահեց։ Նայում էր փոփոխակի՝ երբեմն երկնքին և երբեմն ջրին, միշտ հուսալով, որ մեկնումեկում կտեսնի կա՛մ իրան՝ Պեգասին, և կա՛մ նրա անդրադարձությունը։ Թանկագին սանձը միշտ պատրաստ ուներ ձեռին։ Մոտակա գյուղացիք շատ անգամ իրանց տավարը ջուր տալու բերելիս ծիծաղում էին երիտասարդի վրա և երբեմն նաև խրատ էին տալիս, ասելով. «Այդ ի՞նչ դատարկաշրջիկ տղա ես դու. զուր ժամանակ ես անցկացնում միայն, ավելի լավ չէ՞ր լինիլ, որ մի որևիցե գործով զբաղվեիր։ Ձի՞ ես ուզում առնել՝ ա՛ռ, մենք ծախու ձիաներ շատ ունինք»։ Երբ որ Բելլերոֆոնը չէր ընդունում նրանց ասածը՝ նրանք առաջարկում էին, որ ծախե իր սանձը։

Գյուղի մանուկները նրան խենթ էին համարում, ծաղրում էին, փեշերից ձգձգում էին, ծամածռություններ էին անում, զանազան փուտ անուններ[1] էին կպցնում։ Երեխայքն իրանց ծաղրածությունը մինչև այնտեղ հասցրին, որ նրանցից մեկը, հինգ տարեկան մի լակոտ, ինքն իրան Պեգաս ձևացրեց, սկսեց լոք-լոք անել[2], ոստոստալ, վազվզել, այս ու այն կողմը չափ ընկնել, տրտինգ տալ, ծառս կենալ՝ կռները թափահարելով, իբր թե իր կռներն էլ Պեգասի թևերն են, իսկ նրանից մեծ մի ուրիշ երեխա, մի փունջ խոտ ձե-

  1. Փուտ անուն - ծաղրական մականուն
  2. Լոք-լոք անել - լայն քայլերով գնալ

11. Ղ.Աղայան