Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ռին, մոտենում էր նրան և անասնական բացականչություններով մոտ կանչում Պեգասին։ Բոլոր այս ծաղրածությունները սարքել էին, որ տնազ անեն Բելլերոֆոնին և ջգրացնեն[1] նրան։ Բայց նրանց հակառակ՝ այն գանգուրիկ և կայտառ մանուկը, որին առաջին օրը հանդիպեց Բելլերոֆոնը, չէր հետևում նրանց օրինակին և շատ սիրում էր Բելլերոֆոնին։ Նա լուռ ու մունջ նստում էր Բելլերոֆոնի մոտ, լուռ ու մունջ նայում ջրի վրա անընդհատ՝ սրտանց հավատալով, որ իր տեսածն ուղիղ էր։ Երեխայի այս հաստատուն հավատը մեծ հույս էր տալիս և խրախուսում Բելլերոֆոնին։

Բայց դո՛ւք, սիրելի ընթերցողներս, գուցե կհարցնեք ինձ, թե՝ Բելլերոֆոնն ինչո՞ւ համար էր ման գալիս Պեգասին, ի՞նչ առիթ ուներ, ո՞վ էր ստիպում նրան։ Այս մի երկար պատմություն է, և ես կաշխատեմ պատմել ձեզ՝ մինչև Պեգասի երևալը։

Եթե Բելլերոֆոնի բոլոր արկածները պատմեմ նրա մանկությունից սկսած, այդ շատ երկար կլինի և ձեզ ձանձրալի, մեր քաջ երիտասարդի կյանքից ես կպատմեմ ձեզ միայն մի կտոր։

Աշխարհի այն մասում, որ կոչվում է Ասիա, մի զարհուրելի հրեշ էր լույս ընկել, որին ասում էին Քիմեռ կամ Խիմերա. մենք կասենք Օշափ[2], որ լսած կլինիք շատ անգամ։ Բայց այս հրեշը մի ուրիշ տեսակ վիշապ է լինում։ Թե որքան վնաս էր հասցնում մարդկանց Օշափը՝ անկարելի էր հաշվել։ Նա մի այնպիսի զարհուրելի բան է լինում, որ նրա նման մի ուրիշ բան չենք կարող ցույց տալ աշխարհիս երեսին։ Նա լինում է օձի մարմնով, մեծ վիշապօձի նման, ունենում է երեք գլուխ՝ մեկն առյուծի, մեկն այծի և մեկն էլ՝ օձի։ Նրա բաց ռեխներից՝ երեքիցն էլ, կրակ էր դուրս թափվում։ Այս հրեշը թեպետ թևեր չուներ, բայց վազում էր առյուծի նման, ցատկում էր այծի նման և սողում օձի նման, ուրեմն, նա շարժվում էր միանգամից երեք կենդանու արագությամբ, որ ասել է՝ ավելի արագ, քան թե թռչունը։

Թե որքան վնաս էր հասցնում այս զզվելի արարածը, ինչպես ասացի, անկարելի է հաշվել։ Երեք երախներից կրակ էր դուրս թռչում և բոլոր անտառները խանձխնձում, արտերն այրում, ամբողջ գյուղեր՝ իրանց պարտեզներով, այգիներով, ամբարներով, կալ ու մարագով, մի խոսքով՝ բոլոր ունեցած-չունեցածով մոխիր էր դարձնում։ Բաց էր անում երեք երախները և սկսում էր լափել ամեն պատահած բան՝ մարդ, կենդանի և թռչուն։ Լափելուց հետո շնթռկում, մրափում էր, մինչև ողջ-ողջ կուլ տված ողորմելի կենդանիները կմարսվեին նրա թոնրանման ստամոքսում։

Մեկ անգամ, պատահմամբ, Բելլերոֆոնը գալիս է Ասիա, այնտեղի թագավորին տեսնելու, հենց ա՛յն ժամանակ, երբ որ ամբողջ ժողովուրդը հեծում, տնքում էր Օշափի հասցրած վնասներից։ Այդ երկրի թագավորի անունը Հոբաթ էր, նա կենում էր Հայաստանին սահմանակից մի երկրռւմ, որ ասվում էր Լիկիա։ Բելլերոֆոնը մի շատ անվեհեր երիտասարդ էր։ Նա իրան անձը նվիրել էր քաջագործության և այնպիսի մեծագործությունների, որոնցով կարող էր օգուտ բերել մարդկությանը, ծառայել մարդկանց բախտավորությանը։ Այն ժամանակներում երիտասարդ մարդկանց միակ փառք ու պատիվն այն էր, որ մասնակցեն բոլոր պատերազմներին, կա՛մ կռվելով հայրենիքի թշնամու դեմ, կա՛մ չար դևերի, զարհուրելի վիշապների և վերջապես՝ վայրենի գազանների դեմ, այս էլ՝ այն ժամանակ, երբ ուրիշ ավելի չար բան չէր լինում, որի դեմ կռվեին։ Հոբաթ թագավորը երբ որ Բելլերոֆոնին տեսավ՝ իսկույն նշմարեց, որ իր հյուրն անվեհեր երիտասարդ է.

  1. Ջգրացնել - զայրացնել, բարկացնել
  2. Օշափ - վիշապ
162