Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ այս «շատ կարելին» էր, որ հուսադրում էր Բելլերոֆոնին։ Եթե այս հույսը չլիներ՝ նա վաղուց արդեն վերադարձած կլիներ Լիկիա և գնացած կռվելու Օշափի հետ առանց թևավոր ձիու օգնության։ Ինչ ասել կուզի, որ հրեշը մի շնչով կայրեր և մի քանի վայրկյանի մեջ կլափեր նրան։

3

Մի առավոտ գանգուրիկ տղան սկսեց Պեգասի մասին խոսել սովորականից դուրս անկասկած սրտով։

– Չգիտեմ ինչու,– ասաց նա՝ ուրախությունից թռչկոտելով,– ինձ այնպես է թվում, որ այսօր մենք անպատճառ կտեսնենք Պեգասին։

Ամբողջ օրը մանուկը չհեռացավ Բելլերոֆոնից. նրանք միասին հաց կերան, միասին խմեցին աղբյուրից և կեսօրից հետո նստեցին շվաքումը, ջրի ափին։ Բելլերոֆոնը, մի ձեռքն իր փոքրիկ բարեկամի ուսին դրած, իսկ մյուսն իր ծնոտի տակ դիմհար տված, խորասուզված մտքով մտիկ էր տալիս ջրի վրա կռացած պառաված ծառերին և նրանց ճղների վրա կախոտված վայրենի խաղողի ճութերին։ Իսկ մանուկն անընդհատ նայում էր միայն ջրին, բայց շատ տխուր, որովհետև շատ էր ցավում, որ Բելլերոֆոնի՝ երկար օրերով սպասելն ապարդյուն է անցնում։ Սրա վրա շատ տխրեց երեխան, մինչև այն աստիճան, որ հանկարծ լաց եղավ հեկեկալով։ Նրա արտասուքներից մի քանի կաթիլ գլորվելով ընկան աղբյուրի մեջ և խառնվեցան Պիրենայի արտասուքների հետ։

Հանկարծ Բելլերոֆոնն զգաց, որ երեխայի թաթիկը, որ իր ձեռքումն էր, դողդողում է։ Եվ տղան շշնջաց հանկարծ մանկական շշնջյունով.

– Բելլերոֆո՛ն, Բելլերոֆո՛ն, նայի՛ր, մեկ նայիր ջրի վրա…

Բելլերոֆոնը կռացավ շուտով, նայեց հայելու նման պարզ աղբյուրի երեսին, և այնպես թվաց, որ տեսնում է նրանում պատկերացած մի ահագին, սպիտակ թռչնի կերպարանք, թռչում է բա՜րձր, շատ բարձր, և արեգակը շողշողում է նրա արծաթափայլ թևերի վրա։

– Ի՜նչ հրաշալի, ի՜նչ փառավոր թռչուն է,– բացականչեց նա։– Եվ ինչքա՜ն մեծ է։ Եվ գիտե՞ս, շատ էլ հեռու չպետք է լինի, սավառնում է ամպերից ցած։

– Ես դողում եմ ամբողջ մարմնով,– ասաց մանուկը։– Վախում եմ դեպի վեր նայել։ Ինչքա՜ն հրաշալի է։ Բայց ես չեմ վստահում ուղղակի նրա վրա նայել, այլ միայն՝ ջրի միջով։ Մի՞թե չես տեսնում, Բելլերոֆո՛ն, որ սա թռչուն չէ, այլ՝ թևավոր ձի, նույն ինքը՝ Պեգասն է սա։

Բելլերոֆոնի սիրտը գնաց։ Նայեց դեպի վեր, բայց չկարողացավ լավ նշմարել, թե՝ նա ի՞նչ էր արդյոք, թռչո՞ւն, թե՞ ձի, որովհետև նա անհայտացավ բարդ-բարդ կուտակված սպիտակ ամպերի մեջ։ Մի րոպե չանցած՝ թռչողի կերպարանքը կրկին երևաց, նա իջնում էր դեպի գետին՝ ալեծածան թռիչքով։ Այս միջոցին Բելլերոֆոնն իսկույն ճանկը ձգեց տղային և նրա հետ թաք կացավ իր խիտ թփերի մեջ, որոնցով պարսպի պես շրջապատված էր աղբյուրը։ Նա Պեգասից երկյուղ չուներ, այլ վախենում էր միայն, թե՝ միգուցե իրանց նկատե և սկսե ավելի բարձրանալ դեպի վեր։ Այս թռչողը ճշմարիտ որ

164