Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վեր սլացավ մինչև հինգ մղոնաչափ, որ բարձրից մեկ լավ նայե ամեն կողմ, որոշե գնալու տեղը և դեպի նույն կողմն ուղղե իր թռիչքը։ Նա Պեգասի գլուխը թեքեց դեպի արևելք և սլացավ ուղղակի դեպի Լիկիա։ Ճանապարհին նրանք հասան մի արծվի հետևից, որ քիչ էր մնում Պեգասի ոտքի տակն ընկներ, եթե շուտով մի կողմ չքաշվեր. Բելլերոֆոնը կարող էր բռնել նրան, բայց չուզեց ժամանակ կորցնել։ Նրանք թռչում էին թունդ մրրկի արագությամբ, և հենց նույն առավոտը տեսան Լիկիայի բարձր լեռներն ու խոր-խոր ձորերը, որոնք հազիվ էին նշմարվում իրանց պատող թանձր մառախուղի միջից։ Բելլերոֆոնը լսած էր, որ զազրելի Օշափը այդ խավար ձորերից մեկումն էր բույն դրել։

Երբ որ հասան իրանց մտադրյալ տեղը՝ թևավոր ձին սկսեց իջնել դեպի ներքև, օգուտ քաղելով լեռների վրա եղած մի քանի կտոր ամպերից, որոնք, մեր ճանապարհորդներին ծածկելով, անտեսանելի էին կացուցանում նրանց գետնի երեսից։ Մի խիտ ամպի վրա կանգնած՝ Բելլերոֆոնը, քիչ առաջ թեքվելով, կարողացավ պարզ տնտղել Լիկիայի լեռնային մասը և նրա մութ հովիտները։ Առաջ առանձին մի բան չնշմարեց. նրա տակ երկարումեկ ձգված էին չոր պառակներ[1] և փլփլված ապառաժներ, բայց ահա նրանց հետևից սևին էին տալիս նոր այրված տնատեղեր, սպիտակին էին տալիս շատ տեղեր կույտ-կույտ ոսկորներ, կարծես այս տեղերում արածող տավարների կմախքները լինեին։

«Այս ամենը Օշափի թողած հետքերը պետք է լինեն,– մտածեց Բելլերոֆոնը։– Բայց այդ զազրելին ինքը որտե՞ղ պետք է լինի թաք կացած արդյոք»։

Նա սկսեց ավելի ուշի ուշով նայել լեռների մեջ սևին տվող ծերպերը, խոռոչներն ու անտառները, բայց ուր որ նայում է՝ ամեն կողմ տեսնում է մեռելություն, չոր անապատ, միայն մի քարայրից դուրս է բխում երեք զոլ[2] սև ծուխ և, կեռումեռ գալարվելով օձի պես, սողում է դեպի վեր, և դեռ լեռան գագաթին չհասած՝ սև ծուխի այդ երեք զոլերը միանում են և դառնում մի կենտ սյուն։ Քարայրը գտնվում էր ուղիղ իրանց ոտքի տակին՝ միայն մի հազար ոտնաչափ հեռավորության վրա։ Գարշահոտ և թանձր ծծմբային ծուխն արդեն հասնում էր մինչև Պեգասի և Բելլերոֆոնի ռունգները։ Պեգասը փռնչում էր զզվանքից և գլուխը այս ու այն կողմ թեքում, այդ օդի զավակին, որ սովոր էր ծծել միայն լեռնագագաթների մաքուր օդը, գարշելի էր թվում երկրային հոտը։ Իսկ Բելլերոֆոնը ժնգռնում[3] էր ու փռշտում՝ խեղդվելով այդ ծանր և հեղձուցիչ ծծմբային հոտից։ Զայրացած Պեգասը սաստիկ թափ տվավ թևերը և մղոն ու կես ետ թռավ այդ գարշահոտ տեղից։

Բայց Բելլերոֆոնը հանկարծ ետ մտիկ տվավ, և այնպիսի բան ընկավ աչքովը, որ իսկույն սանձը դրդեց և ետ շրջեց ձիու գլուխը։ Պեգասն այս նշանից իսկույն իմացավ տիրոջ միտքը և սկսեց կամաց-կամաց ցած իջնել, մինչև մոտեցավ նույն քարայրին, որտեղից որ դուրս էր գալիս երեք զոլ ծուխը։ Եվ ի՞նչ տեսնի այնտեղ Բելլերոֆոնը՝ մի տարօրինակ դեզ իրար վրա կուտակված հրեշների։

Հրեշի՝ իրար վրա բսնած մարմինները միմյանցից այնքան մոտիկ էին ընկած, որ միայն գլխներիցը կարելի էր ճանաչել, թե ի՛նչ կենդանիներ են նրանք։ Թվով երեք էին նրանք՝ մի ահռելի վիշապօձ, մի ահարկու զորեղ առյուծ և մի գարշելի այծ։ Այծն ու առյուծը քնած էին, իսկ օձը՝ ո՛չ. նա իր կարմիր աչքերը չռել էր Բելլերոֆոնի վրա։ Բայց զարմանալին այս էր, որ գարշահոտ սև ծուխը ոչ մի րոպե չէր կտրվում, այլ՝ անընդ-

  1. Պառակ - քար, քարեղեն զանգված, ապառաժ
  2. Զոլ - շերտ
  3. Ժնգռնել - երեսը թթվացնել, բերանը ծռել, ծամածռվել
169