Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատ դուրս էր գալիս երեքի էլ ռունգներից։ Այս տեսակ մի հրեշի տեսիլն այնքան նոր և անակնկալ էր Բելլերոֆոնի համար, որ նա իսկույնևեթ գլխի ընկավ, որ նա ի՛նքն էր՝ Քիմեռ-Օշափը, և ա՛յդ էր նրա որջը։ Առյուծը, օձը և այծը միևնույն սարսափելի հրեշի լրացուցիչ մասերն էին։ Զզվելի՜ Օշափ…

Կիսամրափ Օշափը (որովհետև նրա միայն երկու գլուխներն էին մրափած) իր ճանկերից բաց չէր թողնում նոր որսած զոհի արյունոտ մնացորդները, բայց ի՞նչ բանի մնացորդներ էին, լավ չէր նշմարվում, գառա՞ն մնացորդ էին արդյոք, թե՞… ուզում էի ասել՝ մի փոքրիկ երեխայի… բայց, ո՞վ գիտե, գուցե հենց այդպես էլ լիներ, թեև այսպես մտածելը սարսափ է բերում մեզ վրա։ Երևում էր՝ նոր էր վերջացրել իր ընթրիքը։

Բելլերոֆոնը վերջապես ուշքի եկավ և գլխի ընկավ, թե ի՛նչ բան էր տեսածը։ Պեգասն ավելի շուտ իմացավ բանի էությունը, և միայն այնպիսի ահեղագոչ վրնջյուն բարձրացրեց, որ սար ու ձոր դրըմբդրըմբաց։ Սրա վրա՝ մրափած գլուխներն էլ զարթնեցին և երեքն էլ միասին կրակի ահեղ ալիքներ վիժեցին։ Բելլերոֆոնը դեռ իր պատրաստությունը չէր տեսել կռվի համար, որ հրեշը դուրս պրծավ իր որջից և, իր թանթուլների[1] ահագին ճիրաններն արձակելով՝ վրա վազեց ուղղակի խիզախ երիտասարդի վրա, ավազ ու հող բարձրացնելով։ Եթե Պեգասը թեթևաշարժ չլիներ թռչնի պես՝ հրեշն իր այդ հանկարծական հարձակմունքով կուլ կտար երկուսին էլ, և դրանով կվերջանար կռիվը։ Բայց անկարելի էր թևավոր ձիուն անզգույշ և անպատրաստ գտնել։

  1. Թանթուլ - կենդանիների առջևի ոտքերի թաթը
170