Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


քը միաձայն կերգեին։ Նրա համար, որ բոլոր երգեցիկ թռչունները՝ սոխակները, սարյակները, արտույտները, տատրակները, սևակատարներն ու կարմրակատարները և աշխարհիս բոլոր անհամար թռչունները, խոստովանում են նրա գերազանցությունը և գեղեցկությունը։ Դա է, ո՛վ իմ տիրուհիս, Հազարան Բուլբուլը՝ խոսող թռչունը։

Երկրորդ անհամեմատ առարկան, ո՛վ իմ տիրուհիս, եթե նա լիներ այս այգումը, այնուհետև քամին, որ ծառերին հարկադրում է երգել, կդադարեր, որ ինչ է՝ նրան լսեր, թառի, քնարի ու ջութակի լարերը կկտրվեին այստեղ բնակարաններումը։ Եվ այդ նրա համար, որ այդ ծառերին երգել հարկադրող քամին, թառը, քնարը և ջութակը, ո՛վ իմ տիրուհիս, խոստովանում են նրա կատարելությունը և գեղեցկությունը։ Դա է՝ Երգող Ծառը։ Ո՛չ զեփյուռը, որ քնքշությամբ խաղում է տերևների հետ, ո՛չ բազմաթել քնարները չեն կարող հնչեցնել այնպիսի քաղցր հնչյուններ, որ կարողանան համեմատվել այն խմբական ձայնին, որ առաջ է գալիս հազարավոր անտեսանելի բերաններից, որոնք պարունակվում են Երգող Ծառի տերևներում։

Իսկ երրորդը այդ աննման առարկաներից, ո՛վ իմ տիրուհիս, եթե լիներ այս այգիներումը, բոլոր ջրերը կանգ կառնեին, կկտրեին իրանց ձայնը, որ նայեն նրա վրա։ Եվ այդ նրա համար, որ ցամաքի ու ծովի բոլոր ջրերը՝ աղբյուրները, առվակները, վտակները, գետերը՝ թե՛ քաղաքներում և թե՛ գյուղերում, խոստովանում են նրա աննման գեղեցկությունը։ Դա է՝ Ոսկեցնցուղ Ջուրը։

Այո՛, ո՛վ իմ տիրուհի, այդ ջրի մի հատիկ կաթիլը եթե ձգենք դատարկ ավազանի մեջ՝ նա կուռչի, կփքվի և կսկսի խփել, ինչպես մի ոսկի խուրձ, և չի դադարեցնիլ իր ցայտյունը և երբեք էլ չի թափվիլ ավազանի ափերից։ Հենց որ լիքը լցվի ավազանը՝ այնպես էլ կմնա, թեև կշարունակի անդադար վեր ցատկել, ցնցղել իր ոսկեցնցուղ կաթիլները։

Այդ ոսկի ջրից, որ այնպես թափանցիկ է, ինչպես տոպազը, սիրում է հագեցնել իր ծարավը Հազարան Բուլբուլը՝ խոսող թռչունը։ Այդ իսկ ոսկի ջրից սիրում են հագեցնել իրանց ծարավը երգող տերևներ ունեցող ծառի հազարավոր անտեսանելի բերանները։

Այս բոլորն ասելուց հետո պառավն ավելացրեց.

— Ո՜վ իմ տիրուհիս, ո՜վ իմ արքայազնուհիս, եթե այս բոլոր հիանալի առարկաները գտնվեն քո այգումը, որքա՜ն կգովաբանվեր քո գեղեցկությունը, և մինչև ուր ասես, որ չտարածվեր քո աննմանության համբավը, ո՛վ իմ վարդագեղ և վարդաժպիտ տիրուհիս։

Երբ որ Ֆարիզադան իմացավ պառավի ասածները՝ իսկույն բացականչեց.

— Ո՜վ օրհնյալ մայրիկս, ինչքա՜ն հիանալի են ասածներդ։ Բայց դու ինձ չասացիր, թե՝ որտե՛ղ են գտնվում այդ պատվական առարկաները։

— Ո՜վ իմ տիրուհիս, այդ հրաշալիքները, որոնք արժանի են քո տեսությանը, գտնվում են միատեղ, Հնդկաստանի սահմանի վրա։ Իսկ դեպի այնտեղ տանող ճամփան անցնում է քո ապարանքի հետևից։ Եթե նրանց բերելու համար ուղարկելու լինիս մեկին՝ կպատվիրես, որ նա այդ ճամփովը գնա քսան օր, քսանմեկերորդ օրը թող հարցնե առաջին պատահողին, թե՝ որտե՞ղ են Խոսող Թռչունը, Երգող Ծառը և Ոսկեցնցուղ Ջուրը։ Հանդիպած մարդը ցույց կտա անպատճառ նրանց տեղը։

Այս ասելուց հետո պառավը պինդ փաթաթվեց իր ծածկոցի մեջ և հեռացավ՝ շարունակելով մրմնջալ իր օրհնությունը։ Նա արդեն բավական հեռու էր, երբ Ֆարիզադան սթափվեց խոր մտածությունից, որի մեջ ընկղմել էր պառավն իր տված տեղեկությու-

183