Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նովը անսովոր առարկաների մասին, և մեկ ուզեց ետ կանչել նրան կամ ի՛նքը վազել հետևիցը, որ ավելի ճիշտ տեղեկություն ստանա զարմանալի առարկաների տեղի մասին, և իմանա, թե ի՛նչ ձևով պետք է ձեռք բերել նրանց. բայց տեսնելով, որ ուշ է արդեն, նա սկսեց լավ միտը բերել պառավի խոսքը և լավ տեղավորել հիշողության մեջ, որ ոչինչ չմոռանա։ Իսկ նրա հոգու մեջ սկսեց սաստկանալ նույն հրաշալիքներին տիրանալու ցանկությունը, և ինչքան որ աշխատում էր նրանց մասին չմտածել, չէր կարողանում։ Շարունակ այն էր մտածում, թե՝ «Երանի՜ մեկ անգամ տեսնեի, որ է՛լ սրտումս դարդ չմնար»։

Եվ սկսեց թափառել իր այգու ճեմելիքներում[1] և իր սիրած անկյուններում։ Բայց նրա աչքում այդ տեղերը կորցրել էին իրանց գրավչությունը և շատ ձանձրալի էին թվում։ Իսկ թռչունների երգեցողությունը, որով դիմավորում էին երգողներն իրանց տիրուհուն, միայն սաստկացնում էր նրա հոգու վիշտը։

Եվ վարդաժպիտ Ֆարիզադան տխրեց ու սկսեց արտասվել։ Եվ որքան առաջ էր քայլում և արցունք թափում, նույնքան տեղում ավազի վրա նրա արցունքի կաթիլները սառչում էին և դառնում մարգարտի հատիկներ։

* * *

Վերջապես Ֆարիզադայի եղբայրները վերադարձան որսատեղից և իրանց քրոջը չգտնելով հասմիկի հովանոցումը, ուր նա սովորություն ուներ սպասելու եղբայրների վերադարձին, նեղացան իրանց քրոջ այս անուշադրության համար և սկսեցին որոնել նրան այգումը։ Եվ տեսան ավազի վրա սառած, մարգարիտ դարձած նրա արցունքի կաթիլները և ասացին իրանք իրանց.

— Ավա՜ղ, ինչքա՜ն տխրած պիտի լինի մեր քույրը, բայց ի՞նչ առիթ է ունեցել տխրելու, որ այսքան լաց է եղել։

Եվ գնացին նրանք իրանց քրոջ հետքովը և գտան նրան արտասվելիս ծառաստանի խորքումը։ Վազեցին մոտը և փայփայեցին՝ աշխատելով ուրախացնել նրան։

Եվ ասացին նրան.

— Ո՜վ Ֆարիզադա, մեր սիրելի՛ քույր, ո՞ւր են քո ուրախության վարդերը և քո խնդության ոսկին։ Քույրի՛կ, պատասխանի՛ր։

— Ո՜վ իմ եղբայրնե՜ր…

Բացականչեց Ֆարիզադան և լռեց։ Նա ամաչեց շարունակել իր ասելիքը։ Այս առաջին անգամն էր, որ նա մի բան պիտի խնդրեր եղբայրներից. դժվարանում էր ասել, բայց նրանք ստիպեցին, որ ասե։

— Ո՛վ մեր սիրելի քույր,— ասացին եղբայրները,— այս ի՞նչ նոր զգացմունք է շփոթում քո հոգին. հայտնի՛ր մեզ քո վիշտը, եթե չես կասկածում մեր սիրո մեջ, որ ունենք դեպի քեզ։

Ֆարիզադան վճռեց վերջապես բանալ իր սիրտը և ասել նրանց.

— Ո՜վ իմ եղբայրներս, ես այլևս չեմ սիրում իմ այգիներս…

Եվ սկսեց լաց լինել, և մարգարտի հատիկներ թափվեցին նրա աչքերից։ Եղբայրներն ականջ դրին նրան լուռ, տխրելով մի այսպիսի հայտնությունից, իսկ նա շարունակեց.

— Ավա՜ղ, ես դադարեցի սիրել իմ այգիներս, որովհետև նրանցում չկա Խոսող Թռչունը, որ է՝ Հազարան Բուլբուլը, չկա Երգող Ծառը և ո՛չ Ոսկեցնցուղ Ջուրը։

  1. Ճեմելիք - զբոսավայր, զբոսատեղի
184