— Շա՛տ լավ, ես հավատում եմ քեզ։ Դե հիմա ասա՛ ինձ, որտե՞ղ է Երգող Ծառը։
Հազարան Բուլբուլը երգելով հայտնեց, որ Երգող Ծառը երևում է արդեն սարի լանջի վրա։ Ֆարիզադան նայեց այն կողմը և տեսավ մի ծառ, այնպիսի հսկայական մեծության, որ նրա տակին կարող էր տեղավորվել զորքի մի ամբողջ բանակ։ Եվ ասաց մտքումը. «Մի՞թե կարելի է այս ահագին ծառը արմատից հանել և տեղափոխել իմ այգին»։ Բուլբուլը հասկացավ Ֆարիզադայի միտքը և ասաց նրան.
— Ծառն ամբողջությամբ տեղափոխելու հարկ չկա. բավական է մի փոքր ոստիկ, որ կտրես նրանից ու տնկես քո այգում. նա կդառնա այս միևնույն հսկայական ծառը։
Ֆարիզադան գնաց ծառի մոտ և լսեց նրա երաժշտությունը, նրա քաղցր երգեցողությունը։ Ո՛չ զեփյուռը Պարսկաստանի այգիներում, ո՛չ հնդկական գավինը[1] (лютня), ո՛չ սիրիական տավիղը (арфа), ո՛չ եգիպտական ջութակը՝ երբեք այնպիսի հնչյուններ չեն հանել, որ կարողանան հավասարվել այս երաժիշտ ծառի հազարավոր տերևներից հնչող խմբերգին։ Եվ Ֆարիզադան երբ որ ուշքի եկավ, երբ որ սթափվեց հափշտակությունից, որի մեջ ընկղմվել էր երաժշտության ազդեցությունից, Երգող Ծառից մի ոստիկ պոկեց և, դառնալով Բուլբուլին, հարցրեց, թե՝ որտե՛ղ է Ոսկեցնցուղ Ջուրը։
Խոսող Թռչունը ցույց տվավ նրա էլ տեղը, որ հեռու չէր։ Փիրուզի քնքուշ գույնով մի ժայռ կար այնտեղ, նրանից բխում էր մի աղբյուր, որ փայլում էր հալված ոսկու գույնով։ Բայց նա սառն էր, զովացուցիչ և այնպես վճիտ էր, այնպես պարզ, ինչպես ամենամաքուր հայելին։
Այսպես ահա, Ֆարիզադան երբ ձեռք բերավ բոլոր երեք հրաշալիքները, ինչպես պատվիրել էր ծերունին, ապա դարձավ Հազարան Բուլբուլին և ասաց.
— Իմ ազնի՛վ թռչուն, ես ունեմ էլի մի խնդիրք, որ պիտի կատարես, որովհետև ես իսկապես հենց նրա՛ համար եմ եկել։ Եվ քեզ ձեռք բերելս էլ հենց դրա՛ համար է եղել, որովհետև միայն քեզանով կարող եմ հասնել ես իմ նպատակին։
Եվ Բուլբուլը պատասխանեց.
— Ասա՛ ինձ, ո՛վ դուստր արքայի, ի՞նչ է ուզածդ. ինչ որ իմ կարողությունից վեր չէ, ես պատրաստ եմ կատարել։
Ֆարիզադան ասաց ողբաձայն.
— Եղբայրնե՜րս, ազնի՛վ թռչուն, եղբայրնե՜րս… երևի քեզ արդեն հայտնի է…
Այս բանը լսելով՝ Հազարան Բուլբուլը մի քիչ շփոթվեց։ Նա իշխանություն և իրավունք չուներ խառնվելու Աներևույթի կատարած գործերի մեջ. նա ինքը եղել է միշտ նրա հլու հպատակը և նրանից է եղել կախված։ Բայց հետո մտածեց, որ ինքը հիմա էլ նրա ձեռին չէ։ Հիմա պետք է ծառայի իր նոր տիրուհուն և ինչ որ կարող է անել նրա համար, պետք է անի։ Այսպիսով, սիրտ առավ Բուլբուլը և ասաց երգելով.
|
- ↑ Գավին - հին լարային երաժշտական գործիք
13. Ղ.Աղայան