Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Դրանով սրսկի՛ր, թող կենդանանան,
Թող երկար քնից զարթնեն, վեր կենան։
Ո՜վ իմ թանկագին արքայազնուհիս,
Կյա՛նք տուր քարերին, ջրով ու ջրով։
                    Ա՛խ, ա՛խ, հազա՛ր ախ,
                    Ո՜վ սիրուն գիշեր,
                    Ո՜վ վառ-վառ աստղեր…


Ֆարիզադան, մի ձեռքում բռնած բյուրեղյա բղուղը[1], մյուսում՝ ոսկի վանդակը և Երգող ճյուղը, սկսեց վերադառնալ։ Եվ ամեն տեղ, ուր հանդիպում էր մի սև բազալտ քարի, վրան սրսկում էր ոսկեցնցուղ ջրից։ Քարը կյանք էր առնում իսկույն և դառնում մի գեղեցիկ երիտասարդ։ Անուշադիր չէր թողնում ո՛չ մի քար։ Այսպիսով գտավ իր եղբայրներին։

Ֆարիդն ու Ֆարուզը, քարային քնից զարթնելով, մոտեցան իրանց քրոջը և գգվեցին նրան։ Մյուս զարթնածներն էլ, որ բոլորն էլ նշանավոր մարդկանց որդիք էին, մոտեցան Ֆարիզադային և համբուրեցին նրա ձեռքը՝ հայտնելով, որ այսուհետև նրա ստրուկներն են իրանք։ Եվ բոլորը միասին իջան սարի ստորոտը, ուր Ֆարիզադան կենդանություն տվավ և ձիերին, այստեղ ամեն ոք նստեց իր ձին, և բոլորեքյան[2] գնացին ծառի տակ նստած ծերունու մոտ։ Բայց ծերունին չկար այլևս, ծառը նույնպես անհայտացել էր։

Այստեղ Ֆարիզադան հարցրեց Բուլբուլին, թե՝ ի՞նչ է նշանակում ծերունու անհայտանալը։

Խոսող թռչունը պատասխանեց, և այս անգամ նա խոսեց արձակ և լրջորեն.

— Ինչո՞ւ ես ուզում նորից տեսնել ծերունուն, ո՛վ Ֆարիզադա։ Նա սովորեցրեց մարդկային աղջկանը, թե ինչպե՛ս պետք է բանեցնե նա բրդի փաթիլը, որով պիտի հաղթահարե չար ձայները, ատելությունը, ձանձրացնող շշուկները, որոնք վրդովում են մեր հոգին և չեն թույլ տալիս բարձրանալ դեպի գագաթները։ Նրա կոչումն էր աշխարհի մարդոցը սովորեցնել այս ճշմարտությունը, և ապա՝ վերանալ աշխարհից. և նա վերացավ։

Այսուհետև քո հոգին կփրկվի շատ չարից, որ միակ դժբախտացնողն է մարդոց, որովհետև դու սովորեցիր չարից փրկվելու հնարը, որ է՝ ամուր կամքով չարին չլսելը։ Դու զգացիր հոգու անդորրության նշանակությունը, և հենց ա՛յդ է միակ մայրը ամեն բախտավորության։

Այսպես ճառեց Խոսող Թռչունն այն իսկ տեղումը, ուր մի ժամանակ բարձրացած էր ծերունի կրոնավորի ծառը։ Եվ բոլորը հիացել էին Խոսող Թռչունի իմաստալից ճառը լսելով։

Ֆարիզադայի բոլոր ուղեկիցները շարունակեցին իրանց ճանապարհը՝ հետզհետե նվազելով։ Ամեն ոք հենց որ հասնում էր իր երկրի սահմանը՝ համբուրում էր Ֆարիզադայի ձեռքը և, բոլորին մնաս բարով ասելով, հեռանում։ Քսաներորդ օրը Ֆարիզադան ու իր եղբայրները, հրաշալի առարկաների հետ, ողջ-առողջ հասան իրանց տուն։

* * *

Տուն հասան թե չէ՝ Ֆարիզադայի առաջին գործն այն եղավ, որ Հազարան Բուլբուլի վանդակը կախեց այգու հովանոցներից մեկում, որն ամենից փառավորն էր և ծառայում էր իբրև խոսարան՝ պատվական հյուրերի համար։ Այդտեղ հենց որ ձայնը բարձ-

  1. Բղուղ - պանրի, թթվի, յուղի երկար կճուճ
  2. Բոլորեքյան - բոլորը, ամենքը, բոլորը միասին
194