Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ո՛վ արքա ժամանակների, մենք քո հանգուցյալ ստրուկի որդիքն ենք, քո ծառայի, որ կառավարում էր քո արքայական այգիները։ Այստեղից հեռու չէ մեր բնակարանը, որ քո առատաձեռնության պտուղն է, դո՛ւ ես ընծայել մեր հորը։

Սուլթանը շատ ուրախացավ, որ ծանոթացավ իր նախկին հավատարիմ ծառայի որդոց հետ, միայն զարմացավ, որ մինչև հիմա նրանք չեն հայտնվել իր պալատում և չեն գտնվում իր շքախմբի մեջ։ Եվ երբ որ հարցրեց այս մասին՝ նրանք պատասխանեցին.

— Ո՛վ ժամանակների թագավոր, ների՛ր մեզ, որ մինչև հիմա չենք մտել քո մեծահոգի բազուկներիդ պաշտպանության տակ. դրա պատճառն այն է, որ մենք մեզանից փոքր մի քույր ունինք, որի պահպանության հոգսը մեզ վրա է գցել մեր հայրը իր մահից առաջ. մենք էլ պահպանում ենք այնպիսի սիրով, որ չենք կարող բաժանվել նրանից։

Թագավորը շատ զգացվեց սրանց եղբայրական սիրուց և ավելի ուրախացավ, որ հանդիպեց սրանց, և ասաց ինքն իրան. «Երբեք չեմ կարծել, որ իմ թագավորության մեջ կարող են երկու հոգի լինել այսքան գեղեցիկ ամեն կողմով և ազատ սնափառությունից»։ Եվ մի առանձին բաղձանքով ուզեց այցելել նրանց տունը և ավելի մոտիկից ծանոթանալ նրանց հետ և հագեցնել աչքերը նրանց քաղցր տեսությունով։ Իր այս ցանկությունը սուլթանը հայտնեց եղբայրներին, որոնք շատ ուրախացան և շտապեցին լինել նրա ուղեկիցը։ Ֆարիդը նրանցից շուտ գնաց տուն, որ նախապատրաստե քրոջը։

Ֆարիզադան, սովոր չլինելով սուլթանի չափ մեծ հյուր ընդունելու, մնացել էր շվարած և չգիտեր ինչ աներ։ Իսկույն մտածեց դիմել իր խորհրդակցին՝ Խոսող Թռչունին, և ասաց նրան.

— Ո՛վ Հազարան Բուլբուլ, սուլթանն ուզում է գալ մեր տուն, որ մեծ պատիվ է մեզ համար, և մենք պետք է հյուրասիրենք նրան իր մեծության համեմատ։ Սովորեցրո՛ւ ինձ, ինչպե՞ս պիտի անենք, որ նա բավական մնա մեզանից։

Բուլբուլը պատասխանեց.

— Ո՛վ իմ տիրուհիս, չարժե խոհարարուհուդ հրամայել, որ բազմատեսակ կերակուր պատրաստե, որովհետև այսօր թագավորին կարող է դուր գալ միայն մեկ տեսակ կերակուր, նրանով էլ պետք է հյուրասիրել։ Այդ կերակուրը պետք է պատրաստած լինի բորինջանով[1], մեջը լցրած մարգարիտով…

Ֆարիզադան զարմացավ, և կարծելով, որ թռչունը սխալ է հասկացել բանը, ասաց նրան.

— Թռչո՛ւն, թռչո՛ւն, այդ ի՞նչ ես ասում, ինչպե՞ս կարելի է մարգարիտ լցնել բորինջանի մեջ, այդ տեսակ կերակուր չի լսված։ Եթե թագավորը մեզ պատիվ է անում և ուզում է մեզ մոտ ճաշել, այդ կնշանակե, որ նա ուտել է ուզում և ո՛չ կուլ տալ մարգարիտի հատիկներ։ Դու երևի ուզեցիր ասել՝ «բորինջան, բրնձով լցրած»։

Բայց Խոսող Թռչունը բացականչեց.

— Ամենևին ո՛չ, ամենևին ո՛չ, լցրած պետք է լինի մարգարիտ, և ո՛չ բրինձ, բրի՜նձ, բրի՜նձ, բրի՜նձ…

Ֆարիզադան, որ ամեն բանում հավատում էր Խոսող Թռչունին, շուտով պատվիրեց պառավ խոհարարուհուն, որ մի պնակ բորինջան եփե՝ մեջը լցրած մարգարիտի հատիկներով, որ ուներ մեծ քանակությամբ…

Մինչ այդ, սուլթանն էլ եկավ՝ Ֆարուզի ուղեկցությամբ։ Ֆարիդը այգու դռանը ընդունեց թագավորին, բռնելով ասպանդակը, իջեցրեց ձիուց։ Իսկ Ֆարիզադան, Բուլբուլի խորհրդով, երեսը քողով ծածկեց և այդպես մոտեցավ ու համբուրեց սուլթանի ձեռքը։

  1. Բորինջան - սմբուկ, բադրիջան
196