Սուլթանը շատ զգացված էր նրա սիրալիր ընդունելությունից և այն մաքրությունից, որ բուրում էր նրանից, իբրև թարմ հասմիկից, և հիշելով իր անզավակությունը ծերության հասակում՝ արտասուք երևաց աչքերում։ Հետո, օրհնելով Ֆարիզադային՝ ասաց.
— Նա, ով որ իրանից հետո թողնում է հետնորդներ, չի մեռնում, այլ՝ անմահանում է։ Ձեր հայրը մեռած չէ, այլ՝ կենդանի է դեռ, քանի որ ունի ձեզ պես զավակներ։ Ապրի՛ս, զավակս, դե մեզ տար մի տերևախիտ ծառի տակ, որ մեզ ազատե արևի շոգից։
Ֆարիզադան և իր եղբայրները սուլթանին տարան Երգող Ծառի մոտ, Ոսկեցնցուղ Ջրի ավազանի ափը, որի մոտ էր և Խոսող Թռչունի զրուցարան-հովանոցը, ուր և բազմեցրին նրան։ Մի րոպե կանգ առավ նա ավազանի մոտ և, նայելով ոսկեցնցուղ խուրձից վեր ցայտող պաղ ջրի կաթիլներին՝ բացականչեց.
— Ի՜նչ հրաշալի ջուր է, ինչքա՜ն դուրեկան է նայելը։
Հենց այդ միջոցին լսեց և Երգող Ծառի խմբերգը և հոգով ու մտքով հափշտակվեց նրա երկնային նվագից։ Բայց հենց որ մտավ հովանոցը, ուր կախված էր Հազարան Բուլբուլի ոսկի վանդակը, տիրեց խորին լռություն, կարծես համրացավ ամբողջ այգին։ Այդ ժամանակ, ահա, ձայնը բարձրացրեց Խոսող Թռչունը և սկսեց երգելով ասել.
|
Հենց որ Խոսող Թռչունը բարի գալուստ մաղթեց, այգու բոլոր թռչունները արձագանք տվին նրան՝ ասելով.
|
Սուլթանն այս բոլոր հրաշալիքների ազդեցության տակ սկսեց բացականչել.
— Սա՛ է երջանկության տունը, այստեղ մարդ ո՛չ կհիվանդանա, ո՛չ կծերանա և ո՛չ կմեռնի։ Սա՛ է երկրային դրախտը։ Ես իմ թագավորությունս կտայի այստեղ ձեզ հետ ապրելու համար։
Եվ երբ որ հարցրեց նա եղած հրաշալիքների մասին՝ նրան ցույց տվին Երգող Ծառը և Խոսող Թռչունը։ Եվ Ֆարիզադան ասաց.
— Սրանց բոլորի մասին ես կպատմեմ, երբ կհանգստանա մեր տեր թագավորը։— Այս ասելուց հետո Ֆարիզադան գնաց բերելու եփած բորինջանը մի պնակով և դրավ թագավորի առջևը։
Սուլթանը, որ այդ կերակուրը շատ էր սիրում, զարմացավ, որ իր սիրած կերակուրը մոտ բերին։ Բայց նրա զարմանքը ավելի սաստկացավ, երբ նկատեց, որ բորինջանը մարգարիտով էր լցված, որ չէր կարելի ուտել։ Եվ ասաց նա Ֆարիզադային.
— Երդվում եմ կյանքովս, որ այսպես բան չեմ տեսած ես։ Այս ի՞նչ նոր տեսակ կերակուր է։ Վաղո՞ւց է, ինչ որ մարգարիտը բռնում է բրնձի և պիստակի տեղը։
Եվ մինչդեռ ամենքն էլ լռել էին և չգիտեին ինչ պատասխանել սուլթանին, Խոսող Թռչունը ձայնը բարձրացրեց և ասաց.