Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չի բերում, այդ պատճառով նրան յոթը տարի շարունակ ծիծ է տալիս և ծծից չի կտրում։ Ամբողջ օրը խաղում էր Արևամանուկը, բայց հենց որ ճաշելու ժամանակը գալիս էր՝ նա առաջ մի նախաճաշիկ էր անում մոր ծծովը ու հետո ճաշն ուտում, մեկ էլ ճաշելուց հետո էր վրա ընկնում մոր ծծին ու բերանը քաղցրացնում, գիշերն էլ մոր ծոցումն էր քնում և ամեն զարթնելիս՝ ծիծը բերանն էր առնում։

– Բավական է, որդի՛, էլ ի՞նչ կա, որ ի՛նչ ծծես, ծծերս ցամաքել են,– ասում էր շատ անգամ մայրը, բայց էլի ծիծը դնում էր բերանը և, գլուխը շփելով՝ քնացնում։

Արևամանուկը սիրում էր և կովի ծիծը ծծել։ Շատ անգամ, երբ որ հարսները կովերը կթելիս էին լինում՝ նա անցնում էր մյուս կողմը և կովի ծծերից մեկը բերանն առնում, ծծում։ Հարսները քթին խփում էին, որ ետ քաշվի, բայց նա էլ ջգրու արձակում էր հորթի կապը, խփում էր կովին, և այսպիսով ինքը հաղթում էր հարսներին և ուզածի չափ ծծում։ Պատահում էր, որ մինչև կովի կթելը՝ ինքն արդեն ցամաքեցրած էր լինում ծծերը և խեղճ հորթին էլ չէր լինում բաժին թողած։

Կերակուրներից նա ամենից շատ սիրում էր յուղն ու մեղրը։ Յուղը նա կաթի պես էր խմում, իսկ մեղրաբլիթը գաթի պես ձեռքն էր առնում, կրծոտում։

Էլ ինչ ասել կուզի, ուրեմն, որ ով տարով կմեծանա՝ մեր Արևամանուկը օրով էր մեծանում ու զորանում։ Դեռ տասը տարեկան հազիվ կլիներ, այնպես էր աճել, զարգացել, որ տեսնողը կարծում էր, թե՝ առնվազն տասնհինգ կամ տասնվեց տարեկան կլիներ, բայց երբ դարձավ տասնհինգ տարեկան՝ արդեն մի կատարյալ չինարի ծառ էր և է՛լ իր հասակին վայել չէր համարում իր տարիքն ունեցող մանուկների հետ խաղալ, այլ՝ քսան, երեսուն տարեկանների հետ էր խաղում, նրանց հետ կպչում, նրանց հետ մրցում և ամեն տեսակ մարզմունքների մեջ հաղթում էր ամենքին։

Միշտ հաղթելը և ոչ մի անգամ չհաղթվելը մեր Արևամանուկի համար դառավ մի այնպիսի հատկություն, որ հաղթվելն ու մեռնելը՝ իրա համար միևնույն էր։ Այդ բանը նկատել էին նրա խաղընկերները, և երբ պատահում էր իրանից ավելի ուժեղների՝ նրանք խնայում էին Արևամանուկին և չէին ուզում հաղթել, որ նրա սիրտը չկոտրվի։ Այդ տեսակ վեհանձնական սովորություն ունեին արմավանցիք. նրանք նշանավոր քաջին և ուժեղին միշտ խնայում էին, նրան սիրում, պաշտում էին և իրանց պարծանքն էին համարում։

5

Արևամանուկն արդեն դառել էր տասնհինգ տարեկան, բայց իր ծնողների հսկողությունիցը դեռ չէր ազատվել։ Նրա ընկերներից որը տավարած էր, որը՝ հովիվ, որը եզնարած էր, որը՝ հոտաղ, բայց նրան միայն գառներն էին պահ տալիս, այն էլ՝ միայն գարունքը, իսկ մնացած ժամանակ տանիցը չէին դուրս թողնում։ Չէին դուրս թողնում, որովհետև գիտեին, որ նա ոչ մի տեղ հանգիստ չի մնալ, իր ուժը կփորձի ամեն բանի վրա ու փորձանքի մեջ կընկնի։

Բայց որքան շատ էին զսպում նրան ու հսկում վրան, նա այնքան ավելի էր ցանկանում վազել, ընկնել անտառները, ձորերը, բան տեսնել, բան շինել, իր պարսատիկն ու նետաղեղը փորձել։

– Մայրի՛կ, ինձ ուղարկեցեք տավար,– աղաչեց նա մեկ անգամ իր մորը։– Ես ավելի լավ տեղեր կտանեմ արածացնելու, կովերն էլ ավելի կաթ կտան և շուտ չեն ցամաքիլ։

– Ի՞նչ հարկավոր է, որդի՜,– պատասխանում է մայրը։– Մենք այնքան տավար չունինք, որքան պահողներ ունինք. նրանք էլ լավ գիտեն, թե՝ որտե՛ղ պետք է արածացնեն։

203