նում էր վրանների թիվը։ Վրանները այն հարմարությունն ունեին, որ շարժական էին, և ուր ուզում էին՝ տանում էին, ամառն ավելի բարձր ու լեռնային տեղեր, ձմեռը՝ ցածր ու դաշտային։ Քարաշեն տներ էլ ունեին, բայց՝ հասարակ։ Դրանք մի տեսակ ձմեռանոցներ էին, ավելի՝ անասունների համար, քան թե՝ մարդկանց։ Միայն մեծ նահապետն էր ունենում լավ քարաշեն տուն։
Մեծ նահապետը որ վախճանվում էր՝ նրա մեծ որդիքը հեռանում էին միմյանցից, և դառնում էին ջոկ-ջոկ նահապետներ։ Նրանք երկիրն էլ էին բաժանում իրանց մեջ, և ամեն մեկը մի ջոկ գավառում էր բնակում։
Իմ ասած ժամանակը նահապետներ շատ կային, բայց ամբողջ Արարատյան դաշտը, Երասխի ափերը, Արագածի արևմտյան և Մասիսի հյուսիսային երեսները, Գեղամա ծովի արևմտյան ափերը, Գառնու և Հրազդան գետերի հովիտները իրանց շրջակա լեռներով մի նահապետի ձեռքի էին, և այդ նահապետն էր մեր Արևամանուկի հայրը։
Արևամանուկի հոր անունն էր Արևամանյակ, բայց նրա որդիքն ու թոռները դժվարանում էին ասել «Հայր Արևամանյակ», որովհետև շատ երկար էր, այդ պատճառով ասում էին «Հայր-Մանյակ» կամ «Հայրմա». իսկ նրա մոր անունն էր Արևամատ, բայց նրան էլ, փոխանակ ասելու «Մայր Արևամատ», ասում էին «Մայր-մա» կամ «Մամար»։ Նույնիսկ Արևամանուկին չէին ասում «Արևամանուկ», այլ՝ «Արմիկ» կամ «Արամիկ»։
Բայց թե ինչո՞ւ ամենի անունի մեջ էլ «արև» կա՝ այդ ես չգիտեմ, միայն շատերն ասում են՝ այդ նրանից է, որ մենք՝ հայերս, մի ժամանակ արևապաշտ ենք եղել, մեր նահապետն էլ համարվում է եղել Արևի փոխանորդ, նրա ազգական, ցեղ, ծնունդ, ահա այդ պատճառով նրանց մեծ մասի անունն էլ արևով էր սկսվում։ Բայց այս տեսակ մութ բաները մենք հետո կիմանանք, հիմա մենք դառնանք մեր Արևամանուկին։
Ահա՛ այսպես մեր սիրելի Արևամանուկը Արևամանյակ նահապետի որդին էր։
Դեռ յոթը տարեկան հասակում նրա թիկունքն ու կուրծքը այնքան լայն էին, ու մեջքը՝ այնքան բարակ, որից երևում էր, որ նա մի փոքր առյուծ էր, որի պեսին մեր հեքիաթներումը ասում են ասլան-բալասի, այսինքն՝ «առյուծի ձագ», կորյուն առյուծի։ Նրա աչքերը խոշոր-խոշոր և կրակոտ էին. երկայն թերթևունքները մինչև վարի կոպերն էին հասնում, գլխի մազերը՝ խիտ ու երկայն։
Հին ժամանակները մազ ածիլելու սովորություն չունեին, բայց խուզում էին ուսերի հավասարությամբ, սանրում էին դեպի ետ ու կապում վարսակալով, այսինքն՝ մի մազակապ ժապավենով։ Արևամանուկի մազերի գույնը հրաշեկ էր, այսինքն՝ կրակի գույն ուներ և փայլում էր ջուհարի նման։ Նա համարվում էր «հրահեր», այսինքն՝ կրակե մազեր ունեցող։ Այդ տեսակ մազեր ունեցողին մեր հեքիաթներումը ասում են ոսկեքանքուլ, ոսկեքոչոր։
Արևամանուկի մազերը չէին խուզում։ Այդ տեսակ մազեր ում վրա էլ լինում էր՝ չէին կտրում։ Նա իր մազերը երկու հյուս էր անում և աջ բաժինը դեպի ձախ, ձախինը դեպի աջ տանում, բկովը երկու անգամ պատ տալիս, վզին կապում ու ծայրերը կախ գցում մեջքին։ Նրա համար էր այսպես անում, որ խաղալիս ու վազվզելիս մազերն իրան չխանգարեն։
Երբ որ Արևամանուկը ծնվում է՝ նրանից հետո նրա մայրը երկար ժամանակ երեխա