Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պառավ է լինում։ Արևամայրը նրան սիրով ընդունում է, իմանում է գնալու պատճառը և թաքցնում է նրան, որ տղան՝ Արեգակը, չտեսնե նրան։ Երեկոյին տղան ներս է մտնում՝ շատ շոգած ու քրտնած… Մայրը նրան աղաչում է, որ խնայե Արևամանուկին և ագատե նրան մահից։ Տղան մոր խոսքը չի կոտրում, վեր է առնում մի կտոր բամբակ, իր քրտինքը սրբում է նրանով և ասում է. ահա՛ այս է նրա դեղը, եթե իմ քրտինքը քսեն նրա երեսին՝ նա կառողջանա, բայց ո՞վ կտանե։ Այստեղ մայրը հայտնում է Արևահատի գալը, դուրս է բերում նրան թաքցրած տեղից։ Արեգակը նրան սիրով ընդունում է և կարճ ճանապարհ է ցույց տալիս՝ կրկին իր տեղը գնալու։

* * *

Գյուլնազ տատը, որ այս հեքիաթում արևի համար ասում էր, որ տղա է, նա ուրիշ անգամ ասում էր. Արեգակն ու Լուսինը քույր ու եղբայր են։ Մոր մասին խոսք չկար։ Նա ասում էր. որովհետև Արեգակն աղջիկ էր՝ գիշերը վախենում էր ման գալ, իսկ ցերեկը՝ ամաչում, Լուսինը նրան մի բուռը լիքն ասեղ տվավ և ասաց. «Ով որ քեզ մտիկ տա՝ դու այս ասեղներով կծակծկես նրա աչքերը»։ Այնուհետև քույրն սկսեց ցերեկը ման գալ, իսկ եղբայրը՝ գիշերը։

Գյուլնազը չէր ասում, որ ցերեկի պատճառը Արեգակն է, որ առանց արեգակի ցերեկ չի լինիլ։ Ո՛չ. ցերեկն ինքն իր համար մի ջոկ բան է, գիշերը՝ ջոկ։ Արեգակը լինի, չլինի՝ ցերեկ պիտի լինի։ Նա ասում էր. ցերեկն ու գիշերը մի ծեր մարդու ձեռքում են գտնվում։ Ծերունին նստած է մի բարձր սարի վրա և երկու կծիկ ունի ձեռին, մինը՝ սև, և մյուսը՝ սպիտակ։ Երբ որ գլորում է սև կծիկը՝ աշխարհքը մթնում է, և երբ որ սպիտակն է գլորում՝ լուսանում է և ցերեկ դառնում։ Այդ ծերունին է՛լ մի ուրիշ բան չունի… շարունակ սպիտակը կծկում է, սևը բաց թողնում, սևը կծկում է, սպիտակը բաց թողնում…

* * *

Գյուլնազ տատիկը շատ անգամ, խոր հոգոց քաշելով, ասում էր.

– էհե՜յ, հե՜յ… դուք հենց կարծում եք, թե՝ մեր աշխարհքն առաջ էլ այնպե՜ս է եղել… Ո՛չ։ Հին ժամանակները, երբ որ Աստված մոտիկ է եղել մեզանից, նրա ողորմությունն էլ անպակաս է եղել։ Ամեն ձմեռ երկինքը ձյունի տեղ ալյուր է եղել թափելիս, ձյունի պես սպիտակ, նրա պես մաքուր։ Մարդիկ հավաքում են եղել երկնքի ալյուրը և իրանց ամբարները լցնում այնքան, որ բավականանար մինչև մյուս ձմեռը…

Մեկ անգամ, երբ տատիկն արդեն սկսել էր պատմել, թե՝ հին ժամանակներումը մարդիկ ինչպե՛ս են եղել ապրելիս, երեխաներից մեկը, որ գլուխը տատիկի ծնկանը դրած քնել էր, հանկարծ զարթեցավ և, պատմությունը միջահատելով՝ հարցրեց տատիկին.

– Հետո՞, տատի՛կ, հետո՞…

– Ի՞նչ հետո, հոգի՛ս,– հարցրեց տատիկը։

– Դու չասացի՞ր, որ երկինքն առաջ շատ մոտիկ էր մեզանից… հետո ի՞նչպես եղավ, որ նա այսքան բարձրացավ։

– Այնպես եղավ, որ երեխեքը երբ որ սկսեցին շատ չարություն անել, անդադար վազվզում, թռչկոտում էին և Աստծուն չէին թողնում հանգիստ քնել, նա էլ բարձրացրեց երկինքը, հեռացավ, առանձնացավ, որ երեխեքն իր քունը չխանգարեն։

226