Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 – Այդպես չէ, տատի՛կ, այդպես չէ,– մեջ ընկավ մի սրամիտ երեխա, որ ուրիշ կերպ էր լսել այդ անցքը։

– Հապա ինչպե՞ս է եղել,– հարցրինք ամենքս միաբերան։

– Թող տատիկն ասի… Աստծուն խռովեցնողը ոչ թե երեխեքն են եղել, այլ՝ մի անգետ պառավ է եղել, որ երեխի…

– Այդ սո՛ւտ է, այդ սո՛ւտ է…– խնդալով ընդհատեց Գյուլնազ տատը՝ չուզենալով, որ պատճառը պառավները լինին եղած։

Այստեղ երեխեքս պաշտպան հանդիսացանք տատիկին և բարկացանք նոր զարթած երեխայի վրա, որ միջահատեց տատիկի պատմությունը։ Գիտեինք առաջուց, որ եթե տատիկի պատմության թելը կտրեինք՝ էլ մյուս անգամ նա իր ասելիքի ծայրը չէր գտնիլ, այդպես էլ կխափանվեր գործը։ Եվ ճշմարիտ՝ այնպես էլ եղավ։

Տեսնելով, որ տատիկը էլ նոր բան պատմելու տրամադրություն չունի, սկսեցին խառնիխուռն հարցեր առաջարկել։ Աղջկերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատի՛կ, որ եթե աղջիկը Կանաչ-Կարմրի[1] տակովն անց կենա՝ տղա կդառնա, տղերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատի՛կ, որ եթե մեկը կարենա իր արմունկիցը պաչել՝ ծիտ կդառնա, և ուրիշ այս տեսակ հարցումներ։

Եվ ամենքիս սիրով պատասխանում էր Գյուլնազ տատը։ Ողորմի իրան, շատ բարեսիրտ պառավ էր. նա իսկապես մի պառավ երեխա էր, որովհետև հավատում էր այն բաներին, ինչին որ միայն երեխաները կհավատան։

  1. Կանաչ-Կարմիր - 1. ծիածան.
    2. հարսանիքի ժամանակ փեսայի և հարսի ուսից կրծքի վրայով կապվող կանաչ և կարմիր գույներով ժապավեն, նարոտ