Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չեն համարում, չնայած որ նույնիսկ Աստուծո փառքն են հափշտակում, իսկ ինձ՝ Աստուծո ամենախոնարհ ծառայիս, համարում են ավազակ»։

Այսպես է դատում Քյորօղլին՝ իբրև բնության պարզ որդի, որի գլուխը լցված չէր զանազան կանխակալ կարծիքներով։

Բայց ամենայն օր գանգատ ու բողոք էր, որ անընդհատ հասնում էր Իրանի թագավորին, որին հանդիմանում էլ էին, թե՝ եթե դու ես մեր թագավորը, ազատիր մեզ Քյորօղլու ձեռից, որ քեզ ծառայենք, իսկ եթե ոչ՝ մենք կամա-ակամա պիտի Քյորօղլուն հպատակվենք, նրան ծառայենք։ Եվ ահա ինչ էին ասում իրանց գանգատներում Քյորօղլու մասին։

– Նա,– ասում էին,– թալանում է քարավանները, գերի է տանում հարուստ վաճառականներին և մինչև մեծ փրկանք չի առնում՝ բաց չի թողնում։

Գյուղացիներին ոտքի է կանգնեցնում իրանց խաների ու բեգերի դեմ, կոտորում և կոտորել է տալիս կալվածատերերին ու տերության կապալառուներին, և այսպիսով իր կողմն է գրավում երկրագործ ժողովրդին։ Կոտորում է հարկահաններին և հավաքած հարկերը բաժանում չքավոր գյուղացիներին։

Շատ անգամ կտրում է գյուղացոց հարաբերությունը քաղաքացոց հետ, ուտեստի պաշարը թանկացնում, և մինչև քաղաքներից մեծ վճար չի առնում՝ հարաբերության կապը չի արձակում։

Քրիստոնյաներին առանձին պաշտպանություն է ցույց տալիս և նրանց պաշտպանությունը գտնում ամեն տեղ։

Որտեղ մի կարգե դուրս քաջ տղամարդ կա՝ գնում է Քյորօղլու դրոշակի տակ մտնում։ Որտեղ մի փախստական և մահապարտ կա՝ նրա հովանավորությանն ու պաշտպանությանն է դիմում։ Այսպիսով նա կազմակերպած խումբեր ունի երկրի բոլոր ամուր տեղերում։ Բոլոր անմատչելի բերդերին տիրելով՝ ամենի վրա իր անունն է դրոշմել։ Բոլոր խումբերն իրար հետ սերտ կապ ունին, և հարկավոր դեպքերում միմյանց օգնության են հասնում։

Ամեն հավատի ու ցեղի մարդ կա նրա խմբի մեջ, բայց մի անգամ այդ խմբի մեջ մտնելով՝ ոչ մի հավատի չեն ծառայում, ամենքն էլ միապես դառնում են անհավատ և ծաղրում ամեն հավատ։ Չեն ընդունվում միայն այն մարդիկը, որոնք որևէ քաջությունով իրանց հայտնի չեն կացուցել, կամ որևէ դժվար հանձնարարություն և փորձ չեն կատարել։ Ինքը պաշտելու չափ սիրում է ամեն մեկին և ամենի հիմար կամքը կատարում՝ նույնիսկ իր կյանքը վտանգի տակ դնելով։ Բոլոր սիրահարներին իրանց մուրազին է հասցնում՝ բերելով նրանց սիրո առարկան։ Ինքն էլ ամեն մի բերդում մի առանձին սիրուհի ունի։ Իրանց սիրուհիները փակված չեն պահվում, նրանք պարտավոր են զինավարժությամբ պարապել, ձիավարություն գիտենալ և, հարկավոր դեպքերում՝ քաջությամբ կռվել։ Այս կերպով ահա նա հավաքել է երկրի ամենագեղեցիկներին, որոնք հմայվածի պես անձնվիրություն են ցույց տալիս նրան և, անհավատ լինելով՝ նրա՛ն միայն հավատում ու սիրում։

* * *

Քյորօղլին ամենից շատ վնաս էր հասցնում Իրան աշխարհին։ Այդ ատելությունը ժառանգական էր, հորից որդուն անցած։ Բայց Քյորօղլուն ժամանակակից Իրանի թագավորը մի վեհանձն մարդ էր։ Նա, երբ որ լսում էր Քյորօղլու քաջությունը՝ մտքումն

229