Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, նույնքան և բարի ու խելոք։ Գոհարիկ էր անունը, և արդեն տասնըհինգ տարի լրացրած մի նախանձելի հարսնացու էր։

Սովդաքարն այժմ իր քարվանով դեպի տուն էր վերադառնում և հինգ օրից հետո պիտի հասներ։ Մի նամակ գրեց, տվավ Այծատուրին և, մի լավ ձի տալով, ասաց.

- Այս նամակը կհասցնես մեր տուն և քո ձեռքով կտաս իմ կնոջը։

Այծատուրը, որ մի առիթ էր որոնում իր պարոնի հրամանը մտերմությամբ և անհապաղ կատարելու, նամակը ծոցումը դրավ և ձին նստեց թե չէ՝ թև առավ թռավ դեպի սովդաքարի տունը։

Մյուս օրը ճաշի ժամանակ հասավ սովդաքարի տունը։ Ամառն էր. բավական շոգ օր էր։ Իջավ ձիուցը, ձին կապեց մի ծառի ստվերում, իսկ ինքը մոտեցավ տան դռանը։ Տեսավ՝ դուռը կողպած է, էլ չուզեցավ անհանգստացնել ներսը եղողներին. թեք ընկավ պատի տակին, և սաստիկ հոգնածությունից ու անքնությունից իսկույն քունը տարավ։

Մեր Այծատուրը այսպես քնի մեջ ով գիտե ինչ էր տեսնում երազումը, բայց արեգակի այրող ճառագայթների տակ կարմրել էր և քրտնել այնպես, ինչպես մայիսի կարմիր վարդը մարգարտյա ցողի կաթիլներով։ Իր այս պատկերով նա ուղիղ Գոհարիկի սենյակի պատուհանի դիմացն էր։ Ով գիտե, ի՛նչ անհայտ դրդումից ստիպված Գոհարիկը բաց արավ սենյակի պատուհանը և հանկարծ որ չտեսավ Այծատուրի ցողաթաթախ վարդագեղ դեմքը, մնաց տեղնուտեղը մեխված. իր կյանքումը տեսած չէր մի այսպիսի հրաշագեղ պատկեր։ Է՛լ աչքը չհեռացրեց. հանգամանքը հաջող էր, որովհետև իրան գրավող երիտասարդը քնած էր և կարող չէր տեսնել նրան։ Այսպես որ շատ նայեց Գոհարիկը՝ մի նամակի ծայր նշմարեց տղայի ծոցից դուրս եկած, հետո էլ տեսավ ձին և ճանաչեց։

- Սրան անպատճառ իմ հայրս կլինի ուղարկած իր գալուստն իմաց տալու,– ասաց աղջիկն իր մտքումը և, առանց երկար մտածելու՝ իջավ վերևից և Այծատուրի ծոցից նամակը կամացուկ դուրս քաշեց ու կրկին թռավ դեպի վեր՝ իր սենյակը։

Գոհարիկը բաց արավ նամակը և կարդաց հետևյալը.

«ԻՄ ՍԻՐԵԼԻ ԱՄՈՒՍԻՆ

Այս գրաբեր երիտասարդը քեզ մոտ հասնի թե չէ՝ սիրով կընդունես, որ ոչ մի կասկած չտանե, և սրով կլինի թե հրով, թույնով կլինի թե պարանով՝ անհապաղ վերջ կտաս դրա կյանքին։ Ես հինգ օրից այդտեղ կլինեմ և դրան չպիտի տեսնեմ կենդանի։

Քո ամուսին»։

Գոհարիկը կարդաց այս նամակը և իր ո՛չ աչքերին և ո՛չ ականջին չհավատաց։ Ո՛չ, երևի հայրս ուզեցել է գրել ահա՛ ինչ՝ և սկսեց գրել հետևյալը.

«ԻՄ ՍԻՐԵԼԻ ԱՄՈՒՄԻՆ

Այս գրաբեր երիտասարդը քեզ մոտ հասնի թե չէ՝ իսկույն իմ Գոհարիկս դրան կտաս և կպսակես, այնպես որ մինչև իմ գալս՝ ամեն ինչ վերջացած լինի։

Քո ամուսին»։

Գոհարիկն այս նամակը գրեց կարծես անգիտակցաբար, առանց իրան որևէ հաշիվ տալու և տարավ դրավ Այծատուրի ծոցումը։ Այս գործողությունը կատարելուց հետո

47