Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Ներս մտավ ուրախ-զվարթ, բարևեց ամենքին և, դառնալով տղային ու աղջկան, հարցրեց կնոջը.

- Արդյոք կարո՞ղ եմ շնորհավորել։

- Այո՛, այո՛,– ասաց կինը.– ինչպես որ գրել էիր, թե՝ մինչև իմ գալս պսակված պրծած լինին, ես էլ անհապաղ կատարեցի քո կամքը։

Այստեղ մարդը գլխի ընկավ, որ իր նամակի բովանդակությունը փոխված է, և կասկած տարավ Այծատուրի վրա, թե նա ի՛նքը կլիներ փոխած, և մտածեց վրեժխնդիր լինել։

Մյուս օրը գնաց իր այգին, այգեպանին պատվիրեց մի խոր հոր փորել և ամբողջ գիշեր կրակ վառել նրանում. իսկ վաղը առավոտյան,– ասաց,– մի մարդ կուղարկեմ այստեղ. հենց մտնի թե չէ՝ բռնեցեք և ձգեցեք նույն հորի մեջ և վրան նոր ցախ ածեցեք և այրեցեք։

Սովդաքարն ինչպես ասաց, այգեպաններն էլ այնպես պատրաստեցին։ Երեկոյան ընթրիքի ժամանակ սովդաքարը, դառնալով Այծատուրին, ասաց.

- Ես թեպետ գրեցի, որ պսակն առանց ինձ կատարվի, բայց հիմա տեսնում եմ, որ շատ եմ շտապել։ Այդ նրա համար արի, որ ինձ շատ դուր եկար։ Ի՞նչ կասեն քաղաքացիք. չե՞ն ասիլ, թե՝ ինչո՞ւ ժլատություն արավ և պսակն առանց հրավերքի կատարեց։ Վաղը պետք է մեծ հրավերք սարքեմ, և ես ինքս կտեսնեմ բոլոր պատրաստությունը։ Քեզ կխնդրեմ միայն, որ գնաս այգին և այնտեղ թարմ մրգեղենի պատրաստությունը ի՛նքդ տեսնես, չմոռանաս նաև՝ թարմ ծաղիկներից բազմաթիվ փունջեր շինել տալ։

Մյուս օրը Այծատուրը վեր կացավ, պատրաստվեց, որ գնա այգի։ Ճանապարհին, աղոթատան մոտովն անցնելիս, միտն ընկավ, որ օրը կյուրակե[1] է, և ամբողջ ժողովուրդը աղոթքի է կանգնած։ «Գնամ, ես էլ կատարեմ իմ աղոթքը, Աստծուն փառաբանություն տամ. դեռ վաղ է, չեմ ուշանալ ճաշվա համար հարկավոր եղածը պատրաստել»։

Այծատուրը մտավ աղոթատուն և երկար մնաց այնտեղ։

Սովդաքարի սիրտը տրըփում էր անհանգստությունից. նրա համար մի ժամը տարու չափ երկարանում էր։ Մի երկու ժամից հետո շտապեց դեպի այգին, որ տեսնե՝ իր հրամանը կատարվա՞ծ է արդյոք։ Այգին մտավ թե չէ՝ նրան ցիմ-ցիմ[2] վերցրին այգեպանները և ձգեցին հրաբորբոք հորի մեջ և իսկույն նորանոր ցախ ու փայտ թափեցին մեջը։ Դեռ հորը չընկած՝ շատ աղաղակեց, թե՝ ես ձեր տերն եմ, ձեր աղան եմ, բայց ոչ ոք չլսեց, կարծես ամենքն էլ խլացել ու կուրացել էին։

Այս դեպքից երկու ժամ անցած՝ Այծատուրը գնաց։ Նրան ընդունեցին իբրև իրանց տիրոջը և հայտնեցին, որ իր հրամանը կատարված է։

- Ի՞նչ հրաման,– հարցրեց Այծատուրը և իմացավ, որ սովդաքարն ընկել է ուրիշի համար փորել տված հորը։

Այստեղ հեքիաթաբաններն ասում են, թե՝ այգեպանների աչքումը Այծատուրն իրանց տիրոջ նման էր երևացել, իսկ սովդաքարը՝ մի ուրիշի։ Ասում էլ են, թե՝ ճակտի գրածը չի ջնջվիլ, և ուրիշի համար հոր փորողը ի՛նքը կընկնի նրա մեջ։

  1. Կյուրակե - կիրակի
  2. Ցիմ-ցիմ - կենդանի, ամբողջովին
50