Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

Տիրուհին նամակը կարդաց և, տղայի երեսին նայելով, մի առանձին ուրախություն և հաճույք զգաց։

- Դու գիտե՞ս՝ այս նամակումն ի՛նչ է գրած,- հարցրեց տիրուհին։

- Ո՛չ, ինձ հայտնի չէ, տիրուհի՛։

- Երևում է, որ հայտնի չէ, եթե ոչ՝ էլ ի՞նչ կտաներ քունդ։ Գնանք վերև, ես այնտեղ քեզ կհայտնեմ, թե ինչ է գրած։

Տիրուհու նպատակն էր տեսնել, թե ի՛նչ ներգործություն կանե աղջկա վրա հոր կամքը։

Տիրուհու սիրալիր ընդունելությունը բավական քաջություն տվավ Այծատուրին, թեև նա առանց այս էլ իր հոգեկան անմեղ վիճակից դուրս չէր կարող գալ. նա ո՛չ ամոթխած էր և ո՛չ հանդուգն. ազատ էր երկու ծայրերից էլ՝ իբրև բնության անարատ զավակ։

Երբ որ վերև բարձրացան, նրանց դիմավորեց Գոհարիկը և սկսեց հարցուփորձ անել հոր մասին, նրա առողջության, իսկ մորից հարցրեց, թե ի՛նչ է գրել հայրը։

Այծատուրը միայն հեքիաթներումն էր լսած Գոհարիկի նման գեղեցկուհիների մասին, և ինքն իրան շատ երջանիկ զգաց, որ այնպիսի մի դիցուհու նվաստ ծառան պիտի լինի։ Նա չէր կարող մտքովն անգամ անցկացնել, որ կարող է ծառայից է՛լ ավելի բարձր լինել և նրան իրան կողակից և լծակից համարել։

- Անունդ ի՞նչ է, որդի՛,– հարցրեց տիրուհին։

- Աստվածատուր է,– պատասխանեց տղան՝ Այծատուր անունից ամաչելով։

- Աստվածատո՜ւր… Գիտե՞ս, Աստվածատո՛ւր, իմ ամուսինս գրել է, որ դու գաս թե չէ՝ իմ աղջիկը քեզ տամ. սա՛ է ահա իմ աղջիկը։ Ես չեմ կարող ընդդեմ կենալ նրա կամքին, և իմ կողմից արգելք չկա. բայց եթե դու կամ սա հոժար չեք լինիլ, այդ բանումը ես մեղավոր չեմ լինի, պատասխանատուն դո՛ւք կլինեք։

Այս ասելով տիրուհին նամակը տվավ աղջկանը։

Այծատուրը այնպես կարծեց, թե՝ երազումն է տեսնում այս անցքը, մնաց լուռ և վեր քաշված, ոչինչ չկարաց խոսել։ Իսկ Գոհարիկն ասաց.

- Ես հնազանդ եմ իմ հոր կամքին, բայց չեմ կարող բռնությամբ տիրել մի երիտասարդի սրտի վրա. գուցե նա համաձայն չէ։

Այծատուրը տեսավ, որ իր տեսածը երազ չէ, և ո՛չ հանաք են անում իր հետ, բոլոր ուժը մի տեղ հավաքելով՝ ասաց.

- Ես ոչ պակաս հնազանդ եմ իմ տիրոջ կամքին. նա որ ինձ հրամայե, թե՝ գնա՛ ջուրն ընկիր, կընկնիմ, ուր մնաց, որ նա ինձ ջուրը չի ձգում, այլ հանում է ջրից։

- Ուրեմն, ամեն ինչ վերջացած է,- ասաց տիրուհին և կանչեց ծխատեր հոգևորականին, որին ցույց տալով իր ամուսնու նամակը խնդրեց, որ շուտով պսակի ծեսը կատարե։

6

Հինգ օրից հետո սովդաքարը եկավ։ Հենց որ տան գավիթը[1] մտավ՝ տեսավ Այծատուրին իր աղջկա հետ ուրախ-զվարթ ճեմելիս իր հոյակապ տան պատշգամբի վրա։

- Այս ի՞նչ խաղ է,– մտածեց նա.- երևում է, որ իմ գրածի հակառակ սա ամուսնացել է իմ աղջկա վրա։ Ուրեմն, ես էլ ինձ այնպես ցույց կտամ, որ իբր թե իմ կամքն էլ այդպես է եղել։

  1. Գավիթ - նախասրահ
49
4. Ղ.Աղայան