Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

2

Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը[1] նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

  1. Մաքուք - մաքոք
53