Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

3

Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։

Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

54