անցնելիս պառավը խեթ աչքով նայեց Վուրգի վրա։ Վուրգին դուր չեկավ պառավի այս խոժոռ հայացքը։
— Այս պառավի կուժը պիտի կոտրեմ,— ասաց Վուրգն Արսենին և, դեռ ընկերոջ պատասխանը չառած՝ մի քար նետեց պառավի հետևից, որ ուղիղ կուժին դիպավ և կոտրեց։ Ջուրը թափվեց և ողողեց խեղճ պառավին։
Թրջված պառավը ետ նայեց և երբ տեսավ, որ թագավորի որդին էր այդ չարությունը անողը, ասաց.
— Ա՛յ որդի, ի՞նչ անեծք տամ քեզ… Անտես-Աննմանի սիրովը վառված տեսնեմ քեզ. նրա համար այրվիս, տանջվիս, որ սիրտս հովանա։
Պառավի անեծքը սիրո հրեշտակի նետի պես ցցվեց Վուրգի սրտումը։ Վուրգն սկսեց տխրել, նիհարել։ Նա, որ Արսենից ջոկվելու սովորություն չուներ, միայնակ էր ընկնում սար ու ձոր և առանձնության մեջ ողբում, լաց լինում, Անտես-Աննմանի անունը տալիս, դեպի նրան թռչում հոգով ու սրտով, նրան գովում երգերով, նրան կանչում օգնության։ Անտես-Աննմանը պատկերանում էր նրա երևակայության մեջ իր աննման գեղեցկու-