Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թյամբը։ Նա աչքերը խփում էր այդ ժամանակ, ծունկ չոքում, փառաբանում, զմայլում այն աստիճան, որ ուշքը գնում էր գլխից, նվաղում, վայր ընկնում։

Այս այն սերը չէ, որ մեր ժամանակ մեր աշխարհումը կա։ Սա սեր էլ չէ իսկապես, այլ՝ մի զորեղ փափագ, մի ուժգին իղձ, մի սաստիկ ցանկություն, մի մուրազ և ուրիշ այնպիսի զգացում, որ մարդ ունենում է իր սրտի ուզած երջանկությունը ձեռք բերելու համար։ Այսպիսի իղձ մարդը կարող է ունենալ և ուսում, գիտություն ձեռք բերելու համար, իր հղացած նշանավոր միտքը իրագործելու համար և ուրիշ շատ բաների։

Հին ժամանակները քաջ երիտասարդները իրանց հերոսությունը նրանով էին ցույց տալիս, որ սար ու ձոր էին ընկնում և իրանց ուզած լավ բանը ձեռք բերում կամ մտքումը դրած քաջությունը կատարում։ Իհարկե, այդ բաների ձեռք բերելը պետք է շատ դժվար լիներ և ո՛չ խաղ ու պար, պետք է ամեն մարդու գործ չլիներ, եթե ոչ՝ էլ ի՞նչ քաջություն, էլ ի՞նչ հերոսություն կարող էր համարվել։

4

Արսենից չէր կարող ծածուկ մնալ Վուրգի սրտմաշությունը։ Նա հեռվից հսկում էր և տեսնում էր ամեն բան։ Նա այս բանը լավ առիթ էր համարում թե՛ իր քաջությունը փորձի ենթարկելու և թե՛ ցույց տալու իր անհուն սերը, որ ուներ դեպի Վուրգը։ Եվ ահա մեկ օր գտնում է նրան անտառումը և ասում.

— Եղբա՛յր, ես տեսնում եմ, որ դու հալումաշ ես լինում, ինձանից ինչո՞ւ ես թաքցնում քո վիշտը։ Էլ ես ո՞ր օրվա համար եմ, որ քեզ քո մուրազին չհասցնեմ։ Երթա՛նք, երթա՛նք, լավ է հուսով մեռնել գործի մեջ, քան թե անհույս սատկել անգործության մեջ։ Պառավի անեծքը իսկապես անեծք չէ, այլ՝ մի շատ գեղեցիկ օրհնություն։ Եթե նա անիծած չլիներ, դու և՛ այդ օրը չէիր ընկնիլ, և՛ ոչ էլ, ուրեմն, կաշխատեիր ձեռք բերել աշխարհիս ամենից գեղեցիկը։

Արսենի այս խոսքերից սաստիկ հուզվեց Վուրգը, գրկեց նրան և արտասուքն աչքերին համբուրեց նրան՝ սիրահար պատանու ջերմ համբույրով։

— Արսե՛ն ջան, Արսե՛ն,— բացականչեց նա,— որքա՜ն մեծահոգի ես դու։ Ես չէի ուզում իմ վշտին և կրելիք նեղություններիս մասնակից անել քեզ։ Դու ինչո՞վ ես մեղավոր. կուժը ե՛ս կոտրեցի, տանջվողն էլ ե՛ս պետք է լինիմ։ Բայց ի՞նչ կարող եմ անել ես առանց քեզ։ Այսուհետև իմ մուրազը քո ձեռին է, իմ կյանքը քո բռնումն է. իմ գլխումս է՛լ խելք չի մնացել, դու պետք է ինձ առաջնորդես, դու պետք է ինձ կա՛մ կյանք տաս և կա՛մ մահ։

— Ոչ թե մահ, այլ՝ կյանք միայն,— ասաց Արսենը։— Զորացի՛ր և մի՛ վհատվիր. մենք շուտով ճանապարհ կընկնենք։ Եվ ժամանակ է արդեն, որ մենք մեր ուժն ու շնորհքը ցույց տանք, էլ ուրիշ ի՞նչ բանի ենք պետք. գութան չենք վարում, տավար չենք պահում, պատերազմ էլ չկա, որ կռիվ գնանք, ինչո՞ւ համար ենք ապրում աշխարհիս երեսին, ինքս էլ չգիտեմ։ Ձրի ապրելն ի՞նչ կվայելե տղամարդին։

— Բայց հայրս թույլ կտա՞ արդյոք, կամ ինչպե՞ս հայտնենք նրան։

— Իմաց կտանք մի կերպ։ Գիտեմ, որ թույլ չի տալ, բայց մեզ կբացատրե մեր ձեռնարկության դժվարությունը, մեր նպատակին հասնելու անկարելիությունը և, առանց մեր հարցնելու՝ ի՛նքը կհայտնե տեղն ու ճանապարհը, որ մենք չգիտենք։

65
5. Ղ.Աղայան