Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
8

Մեր տղերքը ուղիղ յոթն օր ճանապարհ գնացին, ճամփին շատ չար ու բարի տեսան, շատ տեղ հայտնեցին իրանց ճամփորդության նպատակը, շատերից սարսափելի վտանգներ լսեցին, բայց իրանք աներկյուղ շարունակեցին իրանց ճամփան, մինչև հասան Սև Բերդի սահմանը։

Մի անտառապատ և բարձր լեռան վրա էր Սև Բերդը։ Երբ մոտեցան բերդին, իջան մի գեղեցիկ ծաղկավետ հովտի մեջ մի աղբյուրի վրա։

- Դու փայտ հավաքիր և կրակ վառիր,– ասաց Արսենը,– իսկ ես մեկ կբարձրանամ դեպի այս ձորի խորքը, կարելի է՝ մեկ որս ճանկեմ։ Հետքեր շատ կան, այստեղ լավ որսի տեղ է։

Արսենը գնաց, իսկ Վուրգը, փոխանակ փայտ հավաքելու, սկսեց ծաղիկ քաղել և շատ ճաշակով մի գեղեցիկ փունջ կապեց։ Մինչև Վուրգն իր փունջը կկապեր, Արսենը եկավ՝ մի ահագին վարազ շալակած։

- Ո՞ւր է կրակը,- հարցրեց Արսենը։

- Կրակը սրտո՛ւմս է,- պատասխանեց Վուրգը։– Ես Անտեսիս համար տես ի՜նչ գեղեցիկ փունջ եմ կապել։

- Ուրեմն, դու դեռ ջուրը չտեսած՝ ոտներդ հանել ես արդեն։ Լա՛վ, անց կենանք, ուրեմն, այդ ջրովը, մոտենանք բերդին և այնտեղ վառենք կրակը, որ շուտ նկատեն մեզ և գան. տեսնենք՝ ի՞նչ են ասում։

- Ես էլ եմ կարծում, որ այդպես լավ կլինի։ Ինչ լինելու է, թող շո՛ւտ լինի։

Բարձրացան մինչև բերդի պարսպի տակը, որտեղ կրակ վառեցին և ամբողջ վարազը, փորը միայն դատարկած, քաշեցին մի հաստ ձողի վրա և սկսեցին խորովել։ Այսպես գիտությամբ արավ Արսենը, որ տեսնողը իրանց հասարակ մարդիկ չհամարե, այլ՝ հսկաներ։

Հենց որ բարձրացավ կրակի ծուխն ու բոցը և հասավ մինչև ամպերը՝ հսկաները վեր նայելով նկատեցին այդ և իրանցից մեկին ուղարկեցին, որ տեսնե՝ ի՞նչ բան է, ովքե՞ր են եկողները, և շուտով լուր բերե։

- Ահա՛ գալիս է մեկը,– ասաց Արսենը,– դու վեհանձն եղիր, տեղիցդ չշարժվես, այլ միայն՝ դեպքին հարմար հրաման տուր ինձ, որ նրանք նկատեն, որ դու իմ պարոնն ես, ես՝ քո ծառան։

Մի աժդահա մարդ էր եկողը։ Թեև պակաս հսկաներ չէին և Արսենն ու Վուրգը, բայց նրա համեմատությամբ փոքր էին։

- Ի՞նչ մարդիկ եք,– կանչեց հսկան հեռվից…

Արսենը ձեռքով արավ, թե՝ մո՛տ եկ, տեսնենք ի՛նչ ես ասում։

Հսկան մոտեցավ, և երբ տեսավ ամբողջ վարազը խորովելիս՝ ահ ընկավ սիրտը, բայց իր երկյուղը ցույց չտալով սկսեց բարկանալ, թե՝ ինչպե՜ս են համարձակվել իրանց որսերին դիպչել։ Կռացավ, որ շամփուրը վեր առնե, շպրտե, Արսենը բռնեց նրա օձիքից և այնպես հեռու մղեց, որ հսկան կոճղի պես գլորվեց։ Սաստիկ զայրացած վեր կացավ տեղիցը և կպավ Արսենին։ Արսենը, որ արդեն փորձել էր հսկայի ուժը, բռնեց նրա

69