Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վատ մարդիկ չենք, տե՛ս այս թուրը. մի հարվածով կարող էի այս րոպեիս թռցնել գլուխդ, բայց կյանքդ քեզ եմ բաշխում, որովհետև իմ պարոնն այսպես է կամենում, արյուն թափելու հրաման չի տալիս։

Այս խոսակցության ժամանակ, մեկ էլ տեսան, որ մի ուրիշ հսկա էլ է գալիս։ Նա որ տեսավ իր եղբորը ծառից կապած՝ ջանը դող ընկավ, բայց է՛լ ավելի բարկացավ, քան առաջինը և, առանց հարցուփորձի, ուղղակի հարձակվեց մեր տղայոց վրա։ Արսենն առաջ անցավ և նրա ականջներն էլ գցեց ճանկը և չոքացրեց առջևը՝ ասելով.

— Նախ երկրպագությո՛ւն տուր մեզ. մենք հասարակ հողեղեն չենք, այլ՝ ձեր հոգիառ հրեշտակներն ենք։

Այս խոսքի վրա ահագին հսկան այնպես դողդողաց, ինչպես մի նապաստակ՝ որսկան շան ճանկերում։ Սրան ավելի հեշտությամբ կապռտեցին եղբոր կողքին։

Հետո եկան երրորդը, չորրորդը՝ մինչև յոթներորդը։

— Ո՞ւր են ձեր մյուս եղբայրները,— գոռաց Արսենը,— թող գան ձեզ օգնեն։

— Էլ ուրիշ եղբայր չունինք,— ասաց ամենից մեծը,— այս ենք, որ կանք։

— Շա՛տ լավ,— ասաց,— հիմա ի՞նչ փրկանք կտաք մեզ, որ ձեզ ազատենք։ Տեսնո՞ւմ եք ահա, որ ձեր կյանքը մեր ձեռին է, մի-մի հարվածով կարելի է թռցնել ձեր բոլորիդ գլխները։

Եվ Արսենն սկսեց թուրը շողշողացնել նրանց գլխներին… Այս միջոցին մի ձայն հասավ Արսենի ականջին.

— Ո՛հ, խնայեցե՜ք, խնայեցե՜ք իմ եղբայրներին. այդ դո՛ւք չէիք, որ հաղթեցիք դրանց, այլ՝ ճակատագիրը։

Արսենը ետ մտիկ տվավ և տեսավ, որ մի աղջիկ է գալիս՝ սպիտակ քողն երեսին։

— Ես գործ չունիմ նրա հետ,— ասաց Արսենը Վուրգին,— նա քո՛ բաժինն է. ինչ կուզես՝ արա։

— Ո՜հ, երկի՛նք, օգնի՛ր ինձ,— բացականչեց Վուրգը և փունջը ձեռին մոտեցավ աղջկանը և ծնկաչոք թավազա[1] արավ՝ ասելով.

— Ո՛վ իմ Անտես-Աննման, ա՛ռ այս փունջն ինձանից, սրա հետ քեզ եմ նվիրում ես նաև իմ սիրտն ու հոգին։

— Կընդունեմ այդ ընծան, որովհետև տվողը Վուրգն է։

— Որտեղի՞ց գիտես դու իմ անունը, ո՜վ իմ նազելի։

— Երկնքի թռչուններն ասացին ինձ,– պատասխանեց աղջիկը և, քողն երեսից ետ քաշելով, ասաց.

— Ահա՛ ես էլ քեզ նվեր։

Վուրգը, տեսնելով Աննմանի գեղեցկությունը, սիրտն սկսեց թրթռալ, հազիվ կարողացավ գրկել նրան և համբուրել, բայց աղջիկը նույնպես նվաղեց, և երկուսն էլ ուշաթափվեցին։

— Եղբայրս վայելեց մարդկային կյանքի միակ երջանիկ րոպեի քաղցրությունը. այսուհետև թեկուզ մեզ կոտորեն, էլ հոգ չունիմ,- ասաց Արսենը և ուրախության արտասուքն աչքերին մոտեցավ հսկաներին և ամենքի էլ կապանքներն արձակեց։

Հսկաները նույնպես հուզվեցան սրտի խորքից, մանավանդ՝ որ նախապատրաստված էին արդեն իրանց քրոջ երազից։ Մի քանիսը վազեցին տուն, որ պատրաստու-

  1. Թավազա անելմատուցել, հրամցնել
72