Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թյուն տեսնեն հյուրերի համար, մի քանիսն էլ, Արսենին իրանց մեջն առած՝ ճամփա ընկան դեպի տուն, գովելով նրա տղամարդությունը։ Իսկ Վուրգն ու Աննմանը ամենից հետո էին գնում և շուտ-շուտ կանգ առնում, իրար երեսին մտիկ տալիս, մեկ մեկով հիանում, զմայլում և միմյանց պատմում իրանց տեսած երազները։

Մեր քաջերին երեք օր պահեցին հսկաները և ամեն օր մի նոր ուրախության հանդես սարքեցին։ Երեք օրից հետո ճամփա դրին մեծ բահր ու բաժինքով[1]։

Երբ տուն հասան, մի նոր կերուխում սարքեց թագավորը և երկու պսակ միասին կատարեց՝ Վուրգին Անտես-Աննմանի հետ, իսկ Արսենին՝ Աստղիկի։ Այս հարսանիքումը, ինչպես ամեն հեքիաթի հարսանիքում, նույնպես երեք խնձոր վայր ընկան ուղղակի երկնքից, միայն այս անգամ խնձորները ասողի և լսողի համար չէին, այլ՝ մեկը հավատի և քաջության համար, երկրորդը՝ հուսո և առաքինության, և երրորդը՝ սիրո և ուժի համար։

  1. Բահր ու բաժինք - հարկ ու բաժինք, օժիտ