Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


— Այդ շատ լավ ես ասում, հա՛յր,— պատասխանեց Քաջիկը,— բայց ի՞նչ անեմ, ես չեմ կարողանում վերցնել։ Երբ որ ինձ հետ մարդավարի չեն վարվում, գլուխս շշմում է, աչքերս մթնում, էլ ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում։ Իմ կոպիտ վարպետներս կարծում են, թե ես գիտությամբ եմ կուրանում ու խլանում, և ավելի են բարկանում ու ավելի ծեծում,— այս ասաց Քաջիկը և սկսեց լաց լինիլ։

Հայրը խելոք մարդ էր. գիտեր, որ Քաջիկի ասածն ուղիղ է, բայց ի՞նչ աներ խեղճը, կոպիտ վարպետներին բարեկրթել չէր կարող, մնացել էր տարակուսած և չգիտեր ո՛ւր տաներ յուր որդին։ Վերջը մտածեց, որ տանե մի ուրիշ քաղաք, գուցե կարողանա յուր որդու բնությանը հարմար մի վարպետ գտնել։ Այսպես մտածելուց հետո հայր ու որդի վճռեցին, պատրաստություն տեսան և ճանապարհ ընկան դեպի մի ուրիշ քաղաք։ Շատ գնացին թե քիչ, Աստված գիտե, մինչև հասան մի աղբյուրի, նստեցան աղբյուրի մոտ, որ ճաշեն, հանգստանան և հետո շարունակեն իրանց ճամփան։ Մի փոքր որ հանգստացան՝ հայրը բերանքսիվայր ընկավ աղբյուրի վրա, մի կուշտ խմեց և ասաց.

— Ուխա՜յ…

Այս խոսքի վրա հանկարծ մի մարդ դուրս եկավ աղբյուրից՝ երկար հասակով ու մորուքով, և ասաց.

— Ե՛ս եմ Ուխայը, ի՞նչ եք ուզում ինձանից։

Այս որ տեսան, հայր ու որդի մնացին իրար երեսի մտիկ տալիս, զարմացան, ապշեցան և չիմացան՝ ինչ պատասխան տան։ Վերջը հայրն ասաց.

— Ուխա՛յ ապեր, մենք քեզ չկանչեցինք և ոչինչ չենք ուզում քեզանից։ Մենք ճանապարհորդ ենք. սա իմ որդին է, տանում եմ մի վարպետի տամ, որ մի արհեստ սովորի։

Ուխայն ասաց.

- Տուր ի՛նձ, ես դրան լավ արհեստ կսովորեցնեմ և լավ կպահեմ։ Ես գիտեմ դրա բնությունը, դա ամեն մարդու մոտ չի կենալ, ամեն արհեստ չի սովորիլ, բայց ինձ մոտ կմնա։

Հայրը չիմացավ՝ ինչ պատասխան տար խորհրդավոր Ուխային, որովհետև կարծում էր, թե գուցե նա մարդ չէ, այլ՝ սատանա է կամ հրեշտակ, բայց Քաջիկն ասաց.

— Հա՛յր, ես կերթամ նրա մոտ, երևում է, որ սա մի հնարագետ մարդ պիտի լինի, ես սրա արհեստը կսովորեմ։

Հայրն ասաց.

— Թող քո կամքը լինի։— Եվ որդին տվավ Ուխայ ապորը։

Ուխայ ապերը մի քսակ ոսկի տվավ հորը և ասաց.

— Մի տարուց հետո կգաս էլի այս աղբյուրի մոտ, կխմես և կասես՝ ուխա՜յ, ես էլի դուրս կգամ և քո որդին քեզ կհանձնեմ։

Այս ասելուց հետո Քաջիկի ձեռքից բռնեց և անհայտացավ աղբյուրի մեջ…

2

Ուխայը մի ճարպիկ ձեռնածու էր, այսինքն՝ աչքակապ, ֆոկուսնիկ, և միևնույն ժամանակ մի չլսված ու չտեսնված կախարդ։ Նրա բնակարանը մի առանձնացած տեղ էր. երկրի երեսի՞ն էր արդյոք, թե՞ գետնի տակին՝ հայտնի չէ, և այնքան հրաշալի մի շենք էր, որ լեզվով պատմել չի լինիլ։ Բոլոր պատերը, սյուները, հատակը, առաստաղը, վերնածածկը,

75