վրա դրած ոսկե սափորներից ականակիտ շատրվանները մինչև հիսուն կանգուն[1] վեր էին խփում և ցնցողնած վայր թափվում՝ ծիածանի բոլոր գույներովը զարդարված։ Բայց… ջուր չէր այդ թափվածը, այլ՝ ով գիտե, գուցե ադամանդի, այսինքն՝ բրիլիանտի ու ալմաստի հալվածք էր կամ մի այլ զարմանալի հեղուկ։
Թռչուններ կային տեսակ-տեսակ, ամեն ցեղի և ամեն գույնի, որոնք թևերը շարժելով երգում էին հազար ձայնով, բայց… չէին թռչում, որովհետև նրանց թևերը փետուրից չէին, նրանք իսկական թռչուններ չէին, բայց այնպես էին շինված, որ մի մեղմ հով փչելիս՝ նրանց մեջ սարքած մեքենան շարժել էր տալիս նրանց թևերը, և նրանց կտուցից դուրս էր գալիս մի զմայլելի երգ, և թեպետ ամեն մեկը մի ջոկ ձայնով ու եղանակով էր երգում, բայց բոլորի ձայնը մեկտեղ խառնվելով մի զարմանալի ներդաշնակություն էր հառաջ գալիս, դառնում էր մի սքանչելի մեղեդի, որ մարդ լսելուց չէր կշտանում։ Այդ մեղեդին յուր եղանակը փոխում էր փչած քամու կամ հովի փոխվելու հետ…
Այսպես Ուխայը ամեն ինչ ուներ, բայց բոլորն էլ ճարտարության գործ էր և ո՛չ բնության։ Մի կին ուներ միայն, որ ճշմարիտ, իսկական կին էր, շատ գեղեցիկ ու խելոք, և հմուտ՝ յուր մարդու բոլոր գիտությանը և արվեստին։ Նրանք չունեին ո՛չ խոհանոց, ո՛չ խոհարար և ո՛չ ծառա։ Ճաշելու ժամանակ սեղան էին նստում և ինչ որ ուզում էին՝ իսկույն դրվում էր սեղանի վրա ոսկեղեն ամաններով։ Քաջիկը ո՛չ տեսած և ո՛չ լսած էր. այնպիսի՜ համադամ կերակուրներ կային։ Եթե նրա սիրտը երբեմն յուր թանապուրն էր ուզում կամ մախոխը[2]՝ իսկույն դրվում էր նրա առաջին։ Երբ որ ծարավում էին՝ վերցնում էին դատարկ բաժակը, և նա իսկույն լցվում էր պարզ ու զովարար ջրով։ Հագնել էին ուզում, իսկույն պատրաստ էր լինում հագուստը՝ ինչ ձևի և ինչ կտորից որ ուզենային։ Եվ այսպես ամեն ցանկություն, ամեն փափագ կատարվում էր իսկույնևեթ։ Քաջիկին սկզբում շատ տարօրինակ էր թվում այս ամենը, բայց հետզհետե ընտելացավ և հաշտվեցավ այս զարմանալի վիճակի հետ։
Այսպես մի քանի օր որ անցավ՝ Ուխայն ասաց Քաջիկին.
— Տե՛ս, ահա մենք որդի չունինք, եթե դու լավ սովորես իմ արհեստը, ես քեզ կորդեգրեմ, դու կդառնաս իմ որդին և կպահպանես ինձ ու իմ կնոջը մեր ծերության ժամանակ։
Այս հույսով Ուխայն սկսեց սովորեցնել Քաջիկին յուր կախարդության արհեստը։ Նա սովորեցնում էր կերպարանափոխվելու հնարքը, թե ինչպե՛ս պետք է մարդ յուր ուզած բանը դառնա, օրինակ՝ ձի, թռչուն, քար, ծառ և ուրիշ բան, ինչ որ ուզենա։
Ամեն մի ջոկ բան դառնալու համար մի ջոկ ասելիք կար, այն ասելիքը որ սովորեր և ասեր՝ իսկույն կդառնար յուր ուզած բանը։
Քաջիկն սկսեց սովորել և վարժության համար ինչ ասես դառնում էր. ձի էր դառնում և չափ ընկնում[3] դեսուդեն. մուկն էր դառնում, ծակուծուկ մտնում. կատու էր դառնում, մլավում. շուն էր դառնում, հաչում. թռչուն էր դառնում, թռչում. ծառ էր դառնում, ճղները տարածում դեսուդեն. քար էր դառնում, մի տեղ ցցվում կամ վայր ընկնում. դերվիշ[4] էր դառնում և չանաղը[5] ձեռքն առած երգում, փայ ուզում, աշըղ էր դառնում, սազ ածում և խաղ ասում կամ մի նոր մարաքա[6] սարքում…
Ուխայի կինն ավելի շատ բան էր սովորեցնում Քաջիկին և շատ սիրում էր նրան։ Նա սկսեց այնպիսի բաներ էլ սովորեցնել, որ մարդուն հաճելի չէր։ Թեպետ այդ բաները նա ծածուկ էր սովորեցնում, բայց սատանա և խորամանկ Ուխայից ի՞նչ կծածկվեր։ Ուխայն ամեն գաղտնիք չէր ուզում հայտնել Քաջիկին, այդ բանը դեռ վաղ էր համարում,
- ↑ Կանգուն - երկարության չափի միավոր (մոտավորապես կես մետր)
- ↑ Մախոխ - ձավարով և թթվաշ համեմունքներով պատրաստված ջրալի կերակուր, ապուր
- ↑ Չափ ընկնել - արշավասույր վազել
- ↑ Դերվիշ - մահմեդականների թափառաշրջիկ կրոնավոր, խև
- ↑ Չանաղ - կավե խոր աման
- ↑ Մարաքա - հետաքրքիր, ուշագրավ բան