Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե՝ ինչո՞ւ շուտ չեկավ և սիրուն եղնիկը ձեռքից փախցնել տվավ։ Քաջիկը ծիծաղեց միայն և ոչինչ չասաց, մի քիչ որ առաջ գնացին, նա էլի ետ մնաց, դառավ մի ձիու քուռակ և գնաց հոր առաջին կանգնեց։ Հայրն ուզեց բռնել, բայց քուռակը բռնել չէր տալիս։ Կանչեց որդուն, որդին չերևաց, մինչև քուռակը փախավ, անհայտացավ, նոր երևաց որդին, բայց ուշ էր։ Հայրը դարձյալ հանդիմանեց որդուն, թե՝ ինչո՞ւ ուշացավ, և սկսեց պատմել, թե ինչքա՜ն գեղեցիկ էր քուռակը, կասեիր մի քաշած պատկեր էր, և անպատճառ մի հրեղեն կամ ծովաձիու քուռակ էր։

Այսպես, մինչև տուն հասնելը որդին շատ չարչարեց հորը՝ զանազան բաներ դառնալով։ Հենց որ հայրը հոգնում էր և ուզում էր նստել՝ Քաջիկը մի առիթ էր գտնում, ծածկվում և, ծածուկ մի բան դառնալով՝ հոր առաջն ընկնում վազում, հայրն ընկնում էր հետևիցը և բավական տեղ վազում էր. և մինչև տուն համարյա վազելով գնաց խեղճը։

Երբ որ տուն հասան, մյուս օրը որդին պատմեց հորը, որ ճանապարհին պատահած բոլոր բաներն ի՛նքն էր։ Հետո ասաց.

– Ես հիմա մի լավ ձի կդառնամ, դու ինձ տար ծախիր, միայն իմ սանձը չծախես։ Այս ասելուց հետո մտավ գոմը և այնտեղ դառավ մի կարմիր ձի, և այնքան գեղեցիկ, որ տեսնողը կասեր՝ ո՛չ ուտեմ, ո՛չ խմեմ, միայն սրա շենք ու շնորհքին մտիկ տամ։ Հայրը տարավ բազար, և բոլոր տեսնողները մնացին հիացած։ Հազար մանեթ գին դրավ, և մեկը, առանց խոսելու, հանեց տվավ փողը և ձին առավ տարավ։ Հայրը սանձը չտվավ և փողի հետ տարավ տուն։ Առնողը տարավ ձին և սկսեց խաղացնել, բայց չկարողացավ սանձահարել, և հրաշալի կենդանին, հրեղեն ձիու նման թև առած թռավ անհայտացավ։ Մի ժամից հետո նա իրանց տանն էր և առաջվան Քաջիկն էր։ Այսպես մեր Քաջիկը մի քանի անգամ ձի դառնալով և ամեն անգամ ուրիշ գույնով և ավելի թանկ գնով ծախվեցավ։

Մեկ օր էլ, երբ որ հայրը նրան բազար էր դուրս բերել, մի քոսակ մարդ մոտեցավ, ձեռքը քսեց ձիու բաշին, աչքերին, շատ հավանեց, գովեց և հարցրեց գինը։ Հայրն ասաց, որ գինը տասը հազար մանեթ է՝ առանց սանձի։

— Իսկ սանձն ի՞նչ արժե,— հարցրեց քոսակը։

— Սանձը ծախու չէ,— պատասխանեց հայրը։

— Սո՛ւտ ես ասում, կծախե՛ս,— ժպտալով ասաց քոսակը,— երևի ուզում ես մի բան էլ սանձի համար գջլես[1]։ Ես առանց սանձի չեմ առնիլ, որովհետև այս սանձն ինձ ավելի է դուր գալիս, քան թե ձին, և այս պատճառով ես մի հազար մանեթ էլ սանձի համար կավելացնեմ։

— Չեմ կարող տալ, թեկուզ երկու հազար մանեթ տաս…

— Ի՞նչ անխելք մարդ ես… դե լա՛վ, տասը հազար էլ սանձի համար կտամ։

Այս որ ասաց քոսակը, բոլորի բերանը բաց մնաց, թե՝ գիժ խոմ չէ այս մարդը, որ վեց շահանոց սանձին տասը հազար մանեթ է տալիս։

— Գիժն ավելի չտվողն է,— ասացին շատերը և սկսեցին մեղադրել ձիավաճառին, թե ինչո՛ւ այդպիսի մի առասպելական գնով չի ծախում սանձը։ Ինքը՝ հայրը, մնաց զարմացած այդ գնից և, շշկլվելով՝ սանձն էլ հետը ծախեց։ Քոսակը քսան հազար մանեթ համրեց տվավ հորը և ձիու սանձն առավ ձեռքը։

  1. Գջլել - պոկել, խլել, կորզել
81
6. Ղ.Աղայան