այդ խնձորը հասարակ խնձոր չէ։ Ամենքն էլ ձեռքներն առան խնձորը, հոտոտեցին, հիացան և գովեցին, ամեն մեկը մի բան ասաց, և վերջումը մեկն էլ ասաց, որ այս խնձորը հասարակ խնձոր չէ. սրան մարդ չի վայր գցել հերթիցը, և ի՞նչ հարկ կար. սա անպատճառ երկնքից է վայր ընկել և այն խնձորներիցն է, որ հեքիաթների մեջ հարսանիքի վերջին երկնքից վայր է ընկնում։
Բազե դառած Ուխայը Քաջիկի խնձոր դառնալը որ տեսավ և իմացավ, որ նույն տանը հարսանիք կա, ինքն էլ աշըղ դառավ և սազը ձեռքին մտավ հարսանքատուն։ Աշըղին պատվով ընդունեցին և նստեցրին փեսայի դեմուդեմը։ Աշըղը լարեց սազը և սկսեց այնպիսի երգեր երգել և այնպիսի եղանակներ ածել, որ բոլորովին մոռացնել տվավ խնձորի ներկայությունը, միայն ինքը աչքը խնձորից չէր հեռացնում։ Վերջը, երբ որ ուզում էին նրան մի լավ պարգև տալ, այսինքն՝ նորահարսի գործած մի ջուխտ նախշուն գուլպա և մի ջուխտ կարմիր տրխատան[1], աշըղը վեր չառավ, և խաղով հասկացրեց, որ յուր ուզածը միայն կարմիր խնձորն է…
Նորափեսան չուզեց աշըղի խաթրը կոտրել, վեր առավ խնձորը, որ տա իրան, բայց խնձորը վայր ընկավ ձեռքիցը և, մի բուռը կորեկ դառնալով, փռվեց հատակի վրա։ Ամենքը ետ-ետ քաշվեցան, որ տեսնեն այդ ինչ հրաշք էր, արդյոք խնձո՞րն էր, որ կորեկ դառավ, թե՞ խնձորը մի աման էր կորեկով լիքը, այդ միջոցին հանկարծ մի հավ լույս ընկավ և սկսեց կտկտալով հավաքել կորեկը։ Հենց որ բոլորն արդեն վերջացնելու վրա էր՝ կորեկի մեկն ասեղ դառավ և թռավ ցցվեց նորահարսի կրծկալի մեջ. հավն էլ իսկույն մի բարակ թել դառավ և թռավ անցավ ասեղի ծակը և ուզեց ասեղը յուր հետ թռցնել, բայց ասեղը հաղթեց թելին և թռավ ընկավ կրակի շեղջի մեջ։ Թելը կրակումն այրվեց իսկույն, իսկ ասեղը դուրս թռավ և դարձավ մեր Քաջիկը և զարմացրեց հանդիսականներին։
Թեպետ Քաջիկն էլի Քաջիկ դառավ և ազատվեց Ուխայից, որ արդեն մոխիր էր դարձել, բայց ինքն էլ այրվեցավ բավականին և ոչ միայն յուր առաջվան գեղեցկությունն ու թարմությունը կորցրեց, այլև՝ իր ձեռք բերած շնորհքը, յուր սովորած արհեստը։ Է՛լ չկարողացավ մի ուրիշ բան դառնալ, նրա բոլոր ասելիքները, բոլոր աղոթքներն ու թալիսմանները կորցրին իրանց զորությունը Ուխայի այրվելու հետ…
Շատ ցավում է մարդ, որ մի բան է կորցնում, թեկուզ այդ բանը շատ փոքր լինի։ Երեխան, երբ որ երազումը դանակ է գտնում և մյուս օրը տեսնում է, որ գտած դանակը չկա, սկսում է լաց լինել։ Ուրեմն, ինչքա՜ն կցավեր Քաջիկը, որ ոչ թե երազումը գտած դանակ էր կորցրել, այլ՝ յուր շնորհքը, յուր բոլոր ուսումը, այն էլ՝ այնպիսի ուսում, որ ոչ ոք չգիտեր, բացի իրանից։ Նա շատ դարդ արավ և վերջը մտածեց, որ գնա Ուխայի կնոջ մոտ, պատմե եղելությունը և նորից ձեռք բերե յուր գիտությունը։ Այս մտքով ճանապարհ ընկավ դեպի Ուխայի բնակարանը, բայց… էլ ոչինչ չկար… ամեն ինչ ցնդել էր օդի մեջ. ո՛չ մի հետք, ո՛չ մի նշան անգամ չէր մնացել։ Քաջիկին թվում էր, թե ուրեմն՝ ամեն ինչ երազումն էր տեսել, դանակ գտնող երեխայի նման, բայց չէ՝ նա աշկարա[2] տեսնում էր յուր այրված կաշին, յուր չեչոտված և այլանդակված կերպն ու կերպարանքը։
Այսպես դարդ անելով՝ մեր Քաջիկը ճանապարհ ընկավ դեպի ուրիշ երկիր, որ գուցե կարողանա մի նոր արհեստ սովորել և յուր այրված կաշին առողջացնել։ Շատ գնաց