Jump to content

Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 47 —

Ու նա լսեց իր թշւառ բանականութեան․ որպէս կապար ծանրացաւ նրա խօսքը իր վրայ—և նա կողոպտեց սպանելիս։ Նա չէր ուզում իր խենթութիւնից ամաչել։

Եւ ահա՛ իր մեղքի կապարը ծանրանում է իր վրայ, ու վերստին անշարժ է նրա խեղճ բանականութիւնը, այնպէս ընդարմացած, այնպէս ծանր։

Եթէ գոնէ իր գլուխը թափ տալ կարողանար՝ ցած կգլորւէր նրա բեռը․ բայց ո՞վ կարող է այդ գլուխը թափ տալ։

Ի՞նչ է այս մարդը․ հիւանդութիւնների մի կոյտ, որոնք ոգու միջոցով աշխարհ են մտնում և այնտեղ իրենց որսն անել կամենում։

Ի՞նչ է այս մարդը․ վայրի օձերի մի կծիկ, որոնք շատ սակաւ են հանգչում իրար կողքի և հեռանում իրենց համար ու որս փնտրում աշխարհում։

Նայեցէ՛ք այս խեղճ մարմնին․ ինչ նա կրեց ու ցանկացաւ, այդ մեկնեց այս խեղճ հոգին ըստ իր հասկացածի,—այդ մեկնեց իբրև հաճոյք ու մոլութիւն դանակի երջանկութեան։

Ով Հիւանդանում է այժմ, նրան տիրում է չարը, որ չար է հիմա․ ցաւեցնել է նա ուզում նրանով, ինչ իրեն ցաւ է պատճառում։ Բայց եղել են և այլ ժամանակներ, և այլ չար ու բարի։

Չար էր երրեմն և կասկածը ու դէպի ինքը ձգւող կամքը։ Այն ժամանակ հիւանդը հերձւածող և վհուկ էր յայտարարւում։ Իրրև հերձւածող և վհուկ տանջւում էր նա և տանջել կամենում։

Բայց այս չի մտնում ձեր ականջը. ձեր բարիներին վնասում է այդ, լսում եմ ձեզնից. բայց ի՞նչն նշանակութիւն ունեն ինձ համար ձեր բարիները։