մի ամբողջ օր ծնրադիր աղօթում էին, որպէս զի իշխանուհին բարի լինի, նրա սիրտը կակղի: Բայց իզո՜ւր: Արաղ խմող պառաւ կնանիքը, իրանց վիշտն արտայայտելու հարմար սև ներկեցին իրանց արաղը: Դրանից աւելի ի՞նչ կարող էին անել։
—Անպիտա՛ն իշխանուհի, ասաց Ժան, արժանի է որ նրան մի լա՛ւ մտրակեն, գուցե այն ժամանակ խելքը գլուխը գայ. Ա՞խ, եթէ ես ծերունի թագաւորի տեղը լինէի, նրան ցոյց կը տա՜յի...
Նոյն րոպէին երկու ընկերները լսեցին որ ժողովուրդը բղաւում էր «հուռռա՜, հուռռա՜»: Իշխանուհին էր անցնում: Արդարև, նա այնչափ գեղեցիկ էր, որ ամեն մարդ նրան տեսնելով մոռանում էր նրա չարութիւնը։ Ահա դրա համար բղաւում էին, հուռռա՜: Սպիտակ մետաքսեայ շրջազգեստ հագած, մի մի ոսկեայ կակաչ ձեռներումը, ածուխի նման սև ձիերի վրայ նստած՝ տասներկու սիրուն օրիորդներ չրջապատում էին նրան: Իսկ իշխանուհին նստել էր ադամանդներով և սուտակներով պճնուած սպիտակ, ձիւնի նման սպիտակ մի ձիու վրայ: Նրա զգեստները զուտ ոսկուց էին,