«Ո՜րչափ կը ցանկայի իմանալ, թէ իմ ծաղիկները Սօֆիի անկողնո՞ւմն են արդեօք թէ ո՛չ. այո՛, շատ կը ցանկայի», մտածեց Իդա:
Նա անկողնի մէջ նստեց, և հայեացքը գցեց կիսաբաց դռան վրայ: Ուշադրութեամբ մտիկ արեց... բայց այն ի՞նչ էր, իրեն թուաց թէ սրահում մէկը նուագում էր դաշնակի վրայ չափազանց մեղմօրէն և այնչափ քաղցր՝ որ նա երբէք այդպիսի քնքուշ եղանակ չէր լսել։
—Անկասկա՜ծ, ծաղիկները պարում են. ա՜խ, Աստուած իմ. որքան կը ցանկայի նրանց պարը տեսնել, բացագանչեց Իդա անհամբեր:
Բայց նա չը համարձակուեց բոլորովին վեր կենալ. վախեցաւ որ մի գուցէ հայրիկն ու մայրիկը զարթնեն։
«Ա՜խ, եթէ ծաղիկները խելք անեն ու սենեակս մտնեն», մտածեց նա: Բայց ծաղիկները ներս չը մտան ու երաժշութիւնը շարունակւում էր քնքշաբար: Փոքրիկ Իդան էլ չը կարողացաւ համբերել, խելքը գլխից գնում էր. անկողնից վայր թռաւ, ոտքի մատների վրայ քայլելով գնաց դէպի դուռը և սրահի մէջ դիտեց: Օ՜, Աստուա՜ծ իմ, որքա՜ն հրաշալի էր տեսածը: