Փոքրիկ անկողնու վարագոյրներն էլ վայր քաշեց, որ արեւը նրանց աչքերի մէջ ընկնելով՝ չը նեղացնի:
Ուսանողի ասածները փոքրիկ Իդայի մտքիցը չէին ելնում: Պառկելու ժամանակ ուղղուեց դէպի պատուհանը, ուր գտնւում էին մայրիկի հիանալի ծաղիկները՝ յակնթածաղիկներն ու կակաչները, և նրանց ականջին փսփսաց.
— Ես գիտե՛մ, դուք այս երեկոյ պարահանդէս պիտի գնաք:
Ծաղիկները այնպէս ձեւացրին, իբրեւ թէ ոչինչ չէին հասկանում ու իրանց մի տերեւն անդամ չը շարժեցին։ Բայց Իդա հաստատ համոզուած էր, թէ նրանք գիշերը պարելու են:
Երբ պառկեց, անկողնում երկա՜ր մտածեց, թէ որքան մեծ հաճոյք էր տեսնել ծաղիկների՝ թագաւորի դղեակում պարելը: «Արդեօք իմ ծաղիկներն էլ այնտեղ գնացե՞լ են» միջաց ու իսկոյն և եթ քնեց։ Նա երազեց ծաղիկների ու ուսանողի մասին։ Իդայի պառկած սենեակը բոլորովին լուռ էր. մի կանթեղ վառւում էր սեղանի վրայ ու հայրիկն ինչպէս մայրիկը քնում էին։