իբրև թէ օդի մէջ բարձրացնելով՝ գոչեցին.
—Ահաւասի՛կ տաբատը (պանտալօն), ահաւասի՛կ բաճկոնը, ահաւասի՛կ վերարկուն: Օդի նման թեթև են, այնքան թեթև, որ դուք նրանց ծանրութիւնն անգամ չէք զգար: Ահա՛ ինչի մէջ է կայանում այս կերպասի թանկագին յատկութիւնը:
—Անկասկա՛ծ, պատասխանեցին թիկնապահները, բայց ոչինչ չէին տեսնում, որովհետև ոչինչ չը կար:
—Եթէ Ձերդ Բարձրութիւնը բարերհաճի հանուել, ասացին խաբեբաները, մենք մեծ հայելու առաջ կը փորձենք նրա նոր հագուստները:
Մեծ-Դուքսը հանուեց, և խաբեբաները այնպէս ձևացրին, իբրև թէ հագուստները իրար ետևից նրա վրայ փորձում էին։
Մեծ-Դուքսը հայելու առաջ շուռ եկաւ ու շուռ եկաւ:
—Աստուա՜ծ իմ, ինչ էլ լաւ յարմարեցաւ: Ի՜նչ նկարներ, ի՜նչ գոյներ, ի՜նչ թանկագին, բարեձև հագուստ, աղաղակեցին բոլոր պալատականները։
Արարողապետը ներս մտաւ.