Այս էջը սրբագրված է
ՓՈՔՐԻԿ ԿԼՕՍՆ ՈՒ ՄԵԾ ԿԼՕՍԸ
Մի քաղաքում ապրում էին երկու մարդիկ, որոնց անունն էր Կլօս։ Նրանցից մինը չորս ձի ունէր, իսկ միւսը՝ միայն մէկ ձի: Այս պատճառով էլ նրանց զանազանելու համար, առաջինը կոչում էին մեծ Կլօս, իսկ երկրորդը փոքրիկ Կլօս: Լսեցէ՛ք այժմ, թէ ի՞նչ պատահեց նրանց, որովհետև իսկական պատմութիւն է:
Ամբողջ շաբաթուայ մէջ փոքրիկ Կլօսը ստիպուած էր մեծ Կլօսի արտը վարել և նրան փոխ տալ իր մէկ հատ ձին. իսկ փոխադարձաբար մեծ Կլօսը իր չորս ձիերով օգնում էր փոքրիկ Կլօսին շաբաթը մի անգամ, այսինքն կիրակի օրերը միայն: Շրա՜խ, ինչպէ՜ս փոքրիկ Կլօսը իր մտրակը շաչեցնում էր հինգ ձիերի գլխին վերև: Նա կարծում էր, թէ բոլոր ձիերը իրանն են: