Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդ թէև իր ամբողջ ժառանգութիւնն է. բայց յօժարութեամբ ձեզ կը տամ, եթէ ինձ կը խոստանաք խեղճ մեռելին հանգիստ թողնել: Առանց այդ դրամին էլ կարող եմ ճանապարհս շարունակել. ես ողջ եմ և առողջ և բարի Աստուածն ինձ կօգնէ:

—Այո՛, պատասխանեցին վատ մարդերը. եթէ դու նրա պարտքը վճարես, մենք նրան ոչինչ չենք աներ. խօ՛սք ենք տալիս:

Ու նրանք վերցրին Ժանի փողը, բարձրաձայն ծիծաղեցին նրա բարութեան վրայ և հեռացան: Ժան՝ մեռելը կարգի բերեց դագաղի մէջ, նրա ձեռները միացրեց և «մնաք բարեաւ» ասելով՝ ուղղուեց դէպի մեծ անտառը:

Նա՝ լուսնի շողերով արծաթազօծուած անտառում, ամեն տեղ տեսաւ անտառի փոքրիկ, շնորհալի ոգիներին, որ զուարթութեամբ խաղում էին: Նրանք ո՛չ վախեցան և ո՛չ էլ փախան, որովհետև Ժանի անմեղութիւնը նրանց յայտնի էր. նրանք փախչում, անտեսանելի էին դառնում չարերին միայն։ Նրանցից ոմանք՝ մի մատից աւելի մեծ չէին. և իրանց երկար, խարտեաշ մազերը վեր էին բարձրացրել ոսկի սանդրով։