Երկուս առ երկուս նրանք օրօրւում էին տերևների և խոտերի վրայ սփռուած ցօղի խոշոր կաթիլների վրայ։ Երբեմն կաթիլը գլորւում էր ցած և նրանք ընկնում էին յարդի երկար շիւղերի մէջտեղ. այն ժամանակ միւս փոքրիկ ոգիները հը՜ռ հըռ ծիծաղում էին: Ա՜հ, որչափ զուարճալի էր այս ամենը: Նրանք սկսեցին երգել, ու Ժան նկատեց որ մանկութեան ժամանակ իր սովորած երգերն էին նրանց բոլոր երգածները: Մեծ, խատուտիկ սարդեր՝ արծաթեայ պսակներով՝ մի մացառից միւսը կախ ընկած՝ կամուրջներ պալատներ էին հիւսում, որանք ցօղով ծածկուած, լուսնի ճաճանչներով լուսաւորուած՝ ապակիների նման վառվռում էին: Այս բոլորը տևեց մինչև արեգակի ծագելը. այն ժամանակ փոքրիկ ոգիները մտան ծաղիկների կոկոնների մէջ և քամին ցիր ու ցան արեց նրանց կամուրջներն դղեակները։
Ժան անտառից դուրս էր գալիս, երբ տղամարդու մի ուժեղ ձայն նրա ետևից կանչեց.
—Է՜, ընկե՛ր, ո՞ւր ես գնում.
—Աշխարհ ման գալու, պատասխանեց